Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը ՀՀ իշխանություններին հորդորում է «իրավիճակին արձագանքել զսպվածությամբ և արհեստավարժ կերպով»


ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը մայիսի, 2016 թ․

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը մայիսի, 2016 թ․

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Էրեբունի թաղամասում ստեղծված իրավիճակին:

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ Երևանում Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրավիճակին «արձագանքել արհեստավարժ կերպով և զսպվածությամբ»՝ այսօր լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

«Ազատության» հարցին՝ հուլիսի 17-ից ի վեր, երբ զինված խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, ԱՄՆ դեսպանը քննարկումներ ունեցե՞լ է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկե՞լ է ստեղծված իրավիճակը և առաջարկե՞լ է արդյոք որևէ օգնություն, Ռիչարդ Միլզը պատասխանեց՝ «Ճգնաժամի սկսվելուց հետո Հայաստանի իշխանությունների հետ ուղղակի կապի մեջ չեմ եղել: Բայց, ինչպես երեկ ասացի, երբ Վաշինգտոնից՝ պետքարտուղարությունից ինձ հարցրեցին այս ճգնաժամի մասին, մենք ասացինք, որ կոչ ենք արել Հայաստանի կառավարությանը՝ իրավիճակին արձագանքել արհետսավարժ կերպով և զսպվածությամբ: Այժմ պետք է, որ բոլոր հայաստանցիները հարգեն օրենքը, որպեսզի իրավիճակը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչը, կարծում եմ, բոլոր հայաստանցիների ցանկությունն է»:

Դեսպանը նաև ցավակցություն հայտնեց զոհված ոստիկան Արթուր Վանոյանի հարազատներին, նշելով՝ «Բռնությունը երբեք չի կարող լինել ընդունելի ճանապարհ՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին նաև այն պատճառով, որ ԱՄՆ դեսպանատան առաջնային պարտականություններից է՝ տեղեկացնել ԱՄՆ քաղաքացիներին, թե Երևանում որքանով է անվտանգ ու ապահով: Մենք շարունակում ենք խորհուրդ տալ Միացյալ Նահանգների քաղաքացիներին՝ հեռու մնալ Երևանի Էրեբունի շրջանից՝ մինչև իրավիճակի կարգավորումը»:

Երևանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ժամեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ դատապարտելով «քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը» Հայաստանում և կոչ անելով իշխանություններին՝ իրավիճակին արձագանքել հարկ եղած զսպվածությամբ:

«Ազատությունը» գրավոր հարցումներ է ուղարկել Հայաստանում ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Եվրամիության դեսպանատներ՝ խնդրելով ներկայացնել իրենց արձագանքը՝ ստեղծված իրավիճակին: Պատասխաններ դեռ չեն ստացվել:

XS
SM
MD
LG