Մատչելիության հղումներ

Արթուր Վանոյանը հետմահու պարգևատրվեց սխրագործության համար մեդալով


Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման ժամանակ ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման արարողությունը:

Արարողությանը ներկա էին Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, բարձրաստիճան ոստիկաններ ու պատգամավորներ:

Ոստիկանության պետի հրամանով Վանոյանը ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախության և անձնազոհություն ցուցաբերելու համար հետմահու պարգևատրվեց սխրագործության համար մեդալով։

Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Գործընկերները 49-ամյա գնդապետին գործընկերները որպես պարտաճանաչ ու ազնիվ են բնութագրում։

«Լավ ընկեր, լավ ծնող, լավ պապիկ․․․ ուներ երկու աղջիկ մի տղա, տղային պետք ա արդեն էս օգոստոսի մեջ ամուսնացներ, ամեն ինչը որոշված, բայց ցավոք չհասավ իր նպատակին», - ասում էր գործընկեր Մարտիկ Վահրադյանը:

«Ինքը իրեն ցուցաբերել է որպես իսկական ոստիկան, իսկական տղամարդ: Եթե ինքը այդպիսին չլիներ, ինքը միգուցե կենդանի մնար։ Ինքը սկսել է ինձ մոտ, ինձ հետ շարունակել է, մինչև հասել է՝ ես այդ գնդի հրամանատարն եմ եղել, մինչև ինձ տեղակալ։ Ինքը լավ անձնավորություն էր, այսօր դարձավ մի բանի զոհ, որ լրիվ անիմաստ էր», - ասում էր գնդապետ Արթուր Խաչատրյանը:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն էլ հիշեց․ - «Լավ աշխատող, լավ ընկեր․․․ պարոն Խաչատրյանի հետ նաև ազատամարտի կռիվների մասնակից էր, նաև Սուրմալու ջոկատի կազմում, հետագայում՝ էս վերջերս, էլի Արցախում էր՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ցավում եմ, որ արկածախնդիրների նման էս խումբը նման ճանապարհ ընտրեց, սա պայքարի ճանապարհ չէր, կային քաղաքական շատ ուղիներ, որ կարելի է իշխանությունից դժգոհության դեպքում, ինչ որ մի բան կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG