Մատչելիության հղումներ

ԼՂ ղեկավար․ Միջնորդ երկրները չեն կարող կարգավորման որևէ տարբերակ պարտադրել


Բակո Սահակյան, արխիվ
Բակո Սահակյան, արխիվ

«Լեռնային Ղարաբաղն արժանի է միջազգային ճանաչման»,- ռուսական Lenta.ru էլեկտրոնային պարբերականին տված հարզրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

«Համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ժամանակի և քրտնաջան աշխատանքի հարց է։ Մենք շուրջ քառորդ դար կառուցում ենք ժողովրդավարական պետություն և որևէ սպառնալիք չենք ներակայացնում ոչ՛ միջազգային հանրության, ո՛չ էլ որևէ առանձին երկրի համար»- հարցազրույցում ասել է Բակո Սահակյանը։

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ ղարաբաղի նախագահն այն բնութագրել է որպես «համեմատաբար հանգիստ», նաև նշել է՝ նոր պատերազմի հավանականությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Գլխավոր զսպող գործոնները, ըստ ԼՂ ղեկավարի, «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակությունն է և միջազգայաին հանրության՝ հարցը ռազմական ճանապարհով կարգավորելը բացառելու՝ հստակ դիրքորոշումը»։

Ըստ Բակո Սահակյանի, լայնածավալ և երկարատև պատերազմը Ղարաբաղում ու առհասարակ՝ Հարավային Կովկասում, աշխարհում ավելի լայնածավալ աղետների սկիզբ կդառնա: Սահակյանը նաև ասել է, որ ապրիլին տեղի ունեցածն «իսկական լայնածավալ պատերազմ էր՝ շփման գծի ողջ երկայնքով»։ Բաքուն, ԼՂ նախագահի խոսքով, մտադիր էր «բլիցկրիգի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը», այդ պատերազմին ադրբեջանական կողմը նախապատրաստվել էր քսաներկու տարի ՝ «վարելով ագրեսիվ քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական ոլորտներում»։

«Մեծ կորուստներ կրելով, Ադրբեջանը ստիպված կանգ առավ»,- Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Բակո Սահակյանը։ Նա դրական է գնահատել Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերակատարությունը, նաև շեշտել է՝ «Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները կառուցողական և օբյեկտիվ դիրքորոշում են ունեցել և անում են հնարավորը՝ խնդրի համապարփակ կարգավորմանը հասնելու համար»։

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի չճանաչված կամ մասամբ ճանաչված մյուս հանրապետություններին: ԼՂ ղեկավարն այդ համատեքստում խոսել է ոչ միայն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, այլև Ղրիմի, Կոսովոյի, Հարավային Սուդանի, Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի և անգամ՝ «Բրեքսիտ»-ի մասին՝ շեշտելով, որ նշված բոլոր պարագաներում գործ ունենք միջազգային հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման նախադեպերի հետ: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունն այդ ուղղությամբ նպատակասլաց աշխատանքներ է տանում, և վերջին տարիներին այդ աշխատանքներն ակտիվացել են։

Լեռնային Ղարաբաղի նախագահը նաև ընդգծել է, որ միջնորդ երկրները չեն կարող կարգավորման որևէ տարբերակ պարտադրել կողմերին: Ըստ նրա, լուծումը պետք է գտնեն հենց հակամարտող կողմերը, և դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Ստեփանակերտը նորից դառնա բանակցությունների լիիրավ մասնակից։

Նշենք, որ հարցազրույցի նախաբանում ռուսական պարբերականն ընդգծել է՝ ապրիլյան քառօրյա պատերազմը լայնածավալ պատերազմի չի վերածվել միջնորդների՝ մասնավորապես, Ռուսաստանի միջամտության շնորհիվ, այդուամենայնիվ, իրավիճակը տարածաշրջանում մնում չափազանց լարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG