Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԴԾ-ը ՔԿ երեք բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել


Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Քննչական կոմիտեի երեք բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել՝ քրեական աշխարհի հեղինակությունների կողմից կաշառվելու կասկածանքով: Ձերբակալությունների մասին զեկուցվել է նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ձերբակալվածների անունները արդեն հայտնի են՝ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Դենիս Նիկանդրովը, ՔԿ անվտանգության վարչության պետ Միխայիլ Մաքսիմենկոն և նրա տեղակալ Ալեքսանդր Լամոնովը: Առաջադրված հոդվածներով նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Ձերբակալվածների աշխատասենյակներում և բնակության վայրերում խուզարկություններ են իրականացվել:

Այս սկանդալային ձերբակալությունների մասին հաղորդում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ, իսկ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տվյալներով՝ Նիկանդրովի ձերբակալությունը կարող է կապ ունենալ քրեական հեղինակություն՝ «Իտալյանեց» մականունով Անդրեյ Կոչույկովի հետ, ով կասկածվում է անցյալ տարի Մոսկվայի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունենալու համար, երբ կրակոցներից երկու մարդ էր սպանվել․ Քննչական կոմիտեն տարօրինակ հանգամանքներում «մոռացել էր» «Իտալյանեցի» կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ներկայացնել դատարան, և ԱԴԾ աշխատակիցներին հաջողվել էր նրան բռնել «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի ելքի մոտ, երբ նա արդեն պատրաստվում էր լքել մեկուսարանը: Թերթը գրում է, թե դեռ այն ժամանակ չհաստատված լուրեր էին պտտվում, որ նա մեկ միլիոն դոլար կաշառքով է ազատ արձակվում:

Բացի այս միջադեպից, Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության պետի տեղակալը կարող է կապ ունենալ նաև քրեական մեկ այլ հեղինակության՝ Զախար Կալաշովի ձերբակալության հետ, ով ավելի հայտնի է «Շաքրո Մոլոդոյ» մականունով: Օրերս նա ձերբակալվել է «Էլեմենտ» սրճարանի սեփականատիրոջից 8 միլիոն ռուբլի շորթելու մեղադրանքով:

Այս ձերբակալություններին հետևող լրատվամիջոցները նշում են, որ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները կարող են խորացնել Ռուսաստանի իրավապահ համակարգի այս երկու կառույցների միջև հակասությունները և մրցակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG