Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանության քարոզչական խոսափողը զրկվեց հեռարձակման արտոնագրից


Ադրբեջան - ANS հեռուստաընկերության շենքի բակում, Բաքու, 19-ը հուլիսի, 2016թ․
Ադրբեջան - ANS հեռուստաընկերության շենքի բակում, Բաքու, 19-ը հուլիսի, 2016թ․

Ադրբեջանական իշխանությունների քարոզչական ամենահայտնի խոսափողը համարվող ANS հեռուստաընկերությունը կորցրեց իր վստահությունը: Տարիներ շարունակ Իլհամ Ալիևի վարչակազմին մեծարելու և դրա ընդդիմախոսներին պախարակելու գործը անթերի կատարած ANS-ը զրկվեց հեռարձակման արտոնագրից: Լրատվամիջոցը մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ:

Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը ըստ էության առաջին անգամ նման որոշում կայացրեց բացարձակ իշխանամետ լրատվամիջոցի նկատմամբ:

Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին ռեպորտաժի անոնսն է, որը եթեր հեռարձակելով` հեռուստաընկերությունը իր լսարանին տեղեկացրել է ավելի ընդարձակ տեսանյութի մասին, որը նախատեսվում էր ցուցադրել ավելի ուշ:

Թուրքական իշխանությունների ամենաոխերիմ թշնամին համարվող Գյուլենի հետ հարցազրույցը նկարահանվել է Միացյալ Նահանգներում՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կանխման հենց հաջորդ օրը: Առայժմ անհասկանալի է և ադրբեջանական լրատվամիջոցներին էլ չի հաջողվում պարզել, թե ինչպես է ANS-ի թղթակիցը հայտնվել Գյուլենի տանը, որտեղ հատուկենտ լրագրողներ են հնարավորություն ունեցել ներկա գտնվելու:

«Անընդունելի է դաշնակից համարվող Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական ցանցի ղեկավար համարվող Գյուլենի հետ հարցազրույցի հեռարձակումն այն պարագայում, երբ նախագահ Ալիևը դատապարտել է Թուրքիայում հեղաշրջման փորձը և հայտարարել ադրբեջանցի ժողովրդի` թուրք ժողովրդի կողքին լինելու մասին», - տարածած հայտարարությամբ նշում էր Ադրբեջանի հեռուստառադիոընկերության խորհուրդը:

1991-ից գործող և իրեն հետխորհրդային տարածքում առաջին անկախ ու մասնավոր հեռուստաընկերություն համարող ANS-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «ահաբեկչության քարոզչության» հոդվածով: Գործը քննում է Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը, որտեղից ժամանակին ANS-ի թղթակիցները ուղիղ միացումներով փառաբանում էին երկրի արդարադատությունը՝ Ալիևի ընդդիմախոսներին ճաղերի ետևում պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG