Մատչելիության հղումներ

Քիչ առաջ կրակոցներ հնչեցին զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքից, այնուհետև ճեղքելով Խորենացի փողոցի վրա՝ ՊՊԾ գունդ տանող ճանապարհը արգելափակած ոստիկանության շղթան և արյունահեղությունը կանխելու նպատակով այդ տարածքում հավաքված քաղաքացիների բազմությունը, շտապօգնության երկու մեքենաներ դուրս եկան ՊՊԾ գնդի հարակից տարածքից:

Քաղաքացիները բուռն կերպով արձագանքեցին տեղի ունեցածին, սկսվեց քաշքշուկ:

Որպես «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ ներկայացած անձինք հայտարարեցին, որ իրենք խոսել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, զինված խմբի կազմում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցող Վարուժան Ավետիսյանի հետ, և վերջինս իրենց ասել է, թե որևէ գրոհ չկա և իրենք պարզապես օդ են կրակել՝ ի պաշտպանություն ոստիկանության պատնեշի մոտ հավաքված անձանց:

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ևս, ի պատասխան «Ազատության» հարցի, հաստատեց, որ կրակոցները հնչել են ՊՊԾ գնդի տարածքից և ոստիկանական ուժերի գրոհ չի եղել:

Այս պահին ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին հետ քաշվել իրենց դիրքերից:

Հիշեցնենք, հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գլխավորությամբ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG