Մատչելիության հղումներ

Տերյան 23 շենքի բնակիչներն այսօր ահազանգում էին՝ մի խումբ անձինք Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ միասին կոտրում են ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարան»-ի համակիր Վարդան Գերավետյանի տան դուռը, ում մասին հարևանները երեք օր է լուր չունեն:

«Քննչական գործողություններ են իրականացվում դատարանի որոշմամբ», - հայտարարեցին ներսում գտնվողները՝ հրաժարվելով որևէ փաստաթուղթ ներկայացնել:

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ ակտիվիստի տանը խուզարկություն իրականացնող իրավապահները դատարանի որոշում ունեն: Ի՞նչ էին փնտրում, ի՞նչ կասկածներ կան՝ այս հարցերն անպատասխան թողեցին: Հարևանները, սակայն, պնդեցին՝ ոստիկաններն իրենց ասել են, որ Գերավետյանի տանը զենք-զինամթերք են փնտրում:

«Եթե աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, ինչ որ ման են գալիս», - ասաց հարևաններից մեկը:

«Կասկածներ ունենք, որ կարող է մտածում են՝ ով որ կապված է էս դեպքերի հետ, կամ ծանոթ է, կամ տեղյակ է, ուզում են ինչ-որ հարցեր պարզել», - «Ազատության»-ը փոխանցեց հարևաններից մյուսը:

Վարդան Գերավետյանը, ըստ նրա ընկերներից Լիանա Գյոզալյանի, մենակ է ապրում, երեք օր է չի տեսել, հեռախոսն անջատած է: Լիանան զանգահարեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչը Գերավետյանի տանը մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկավ ու հայտարարեց՝ խուզարկություն օրինական է․ - «Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեցին»:

5 ժամից ավելի տևած խուզարկությունից հետո, իրավապահները Գերավետյանի տանից տոպրակով լի իրեր դուրս բերեցին:

Հարևաններն անհանգիստ էին՝ ոստիկանները որպես ընթերակա Գերավետյանի հարևանին են ներս տարել: Նրանց խոսքով, վերջինս 75 տարեկան է, վատառողջ, նա չի կարող երկար մնալ առանց հաց ու ջրի: Խուզարկությունն ավարտելուց հետո 75-ամյա Ջիվան Միքայելյանն ասաց՝ իր կամքով է մտել, որ հարևանի տունը քարուքանդ չանեն: Հուզվեց, ասաց՝ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը 10 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի գերակա շահ ճանաչված իրենց շենքը չքանդեն: Ծերունին պատմեց, թե իրավապահներն ինչ են փնտրում ակտիվիստի բնակարանում:

«Ավտոմատ, պիստալետ, պուլյա: Ես քաղցած էի, ասացի՝ դուրս գամ, ուտեմ, ասաց՝ հոպար, հիմա չես կարող դուրս գալ, չի կարելի, հետո դուռը բաց է: Տնից տարան 7 հատ հեռախոս, թղթեր էին», - պատմեց Գերավետյանի հարևանը:

Վարդան Գերավետյանը ողջ օրվա ընթացքում այդպես էլ հասանելի չդարձավ: Իրավապահները փոխանցեցին, որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG