Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը հետևում է երևանյան իրադարձություններին


Բողոքի երթը Երևանի կենտրոնում, 18-ը հուլիսի, 2016թ․
Բողոքի երթը Երևանի կենտրոնում, 18-ը հուլիսի, 2016թ․

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երևանյան իրադարձությունները, չնայած հարուստ միջազգային տեղեկատվական ֆոնին՝ չստացված հեղաշրջումը և դրան հետևած՝ հազարավոր զինվորականների և պետական ծառայողների ձերբակալությունները Թուրքիայում, նոր ահաբեկչությունը Գերմանիայում, բախումները Ղազախստանի ամենամեծ քաղաք Ալմաթիում:

Կիրակի օրվանից սկսած՝ թեմային անդրադարձել են BBC-ն, The New York Times-ը, Reuters-ը, Deutsche Welle-ն, Al-Jazeera-ն և գրեթե բոլոր ռուսական լրատվամիջոցները, այդ թվում նաև դաշնային հեռուստաընկերությունները:

«Անհաջողության դատապարտվածների ապստամբությունը Երևանում մոտենում է ավարտին» վերնագրով այսօր հոդված է հրապարակել "Независимая газета"-ն: «Ինչ զիջումներ է ակնկալում ոստիկանությունը՝ հասկանալի չէ: Երկուշաբթի օրը ազատ են արձակվել ևս երկու պատանդներ: Իսկ խմբավորման պահանջները մնում են նույնը՝ ազատ թողնել իրենց առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության համակարգող և Ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին, նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության հրաժարականը: Հանձնվելու առաջարկը խմբավորումը մերժել է», - գրում է պարբերականը:

"Коммерсантъ"-ը անդրադարձել է երեկվա միջադեպերին և նաև դրանց հետևած երթին: «Մոտ հարյուր մարդ ոստիկանական բաժանմունքը գրաված խմբավորման անդամներին աջակցելու նպատակով փորձել են երթեր և հավաքներ կազմակերպել Երևանում: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, սակայն, արգելել է դա անել գրավված ոստիկանական շենքի հարևանությամբ, ինչի պատճառով տեղի են ունեցել բախումներ ակտիվիստների և ոստիկանության միջև», - գրում է ռուսական հեղինակավոր թերթը:

Երեկվա հանրահավաքին և երթին անդրադարձել են РБК-ն, "Дождь"-ը:

Երևանյան իրադարձությունները ակտիվորեն լուսաբանել են նաև ռուսական դաշնային հեռուստաընկերությունները: Հիմնվելով պաշտոնական հաղորդագրությունների վրա՝ "Вести"-ն, Առաջին ալիքը իրենց լրատվական հաղորդումներում անդրադարձել են թեմային, առավել ակտիվորեն լուսաբանել է НТВ-ն: НТВ-ի թղթակիցը նույնիսկ ասել է իր ռեպորտաժներից մեկում․ - «Ծայրահեղականության դեմ պայքարի օրենսդրության անկատարության պատճառով հայաստանցի լրագրողները հեռախոսով հանգիստ շփվում են գրոհայինների հետ»:

Al-Jazeera-ն նույնպես երեկ անդրադարձել էր թեմային, նշելով, որ արդեն երկու օր է՝ զինված անձինք չորս հոգու պատանդ են պահում գրավված ոստիկանական շենքում, հրաժարվում են վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:

BBC-ն զրուցել է լրագրողներից մեկի հետ և փորձել է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ կատարվածի վերաբերյալ: Մասնավորապես, բրիտանացի լրագրողի հարցին՝ արդյո՞ք հայ հասարակությունը աջակցում է զինված խմբին, հայ լրագրողը պատասխանում է, որ «միայն Ֆեյսբուքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG