Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Թուրքիա


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Չնայած Թուրքիայում լարված իրավիճակին՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր այցելել է Անկարա: Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվում է Թուրք-վրացական ռազմավարական համագործակցության խորհրդի անդրանիկ նիստը:

Նախօրեին Վրաստանի և Թուրքիայի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են, որ այսօրվա նիստը Անկարայում տեղի կունենա, և պատրաստակամություն են հայտնել՝ քննարկելու ռազմավարական համագործակցության բոլոր ուղղությունները:

Կվիրիկաշվիլին Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին խաղաղություն ու կայունություն է մաղթել և նշել, որ ժողովրդավարական Թուրքիան կարևոր է տարածաշրջանի զարգացման և կայունության համար:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վրաստանի իշխանություններին և ժողովրդին շնորհակալություն է հայտնել իր երկրի կայունությանն ու ժողովրդավարությանը աջակցելու համար: Նա հավաստիացրել է, որ Թուրքիայում իրավիճակը նորմալացել է, և Վրաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցությունը կշարունակվի:

Նշենք, որ Թուրքիա - Վրաստան սահմանը բացվել է․ այդ սահմանը, ինչպես և Թուրքիա - Բուլղարիա սահմանը թուրքական կողմը փակել էր հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ: Հեղաշրջման փորձը տապալվելուց հետո հուլիսի 18-ի դրությամբ Թուրքիայի իշխանությունները մոտավորապես 8 հազար ոստիկանների հեռացրել են համակարգից, ավելի քան 7500 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, դատավորների, դատախազների, պաշտոնանկ են արվել տասնյակ քաղաքապետներ, հաղորդում է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է շարունակել «մաքրումները» և ասել է, թե կքննարկի նաև մահապատիժը վերականգնելու հարցը՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչներին պատժելու համար:

Այս հայտարարությունը հակազդեցություն է առաջացրել Արևմուտքում: Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Գերմանիայի կանցլերը, Եվրամիության ղեկավարները Թուրքիային կոչ են արել հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին:

Երկուշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է, որ ժողովրդավարական սկզբունքները խախտելու դեպքում կարող է վտանգի տակ հայտնվել նաև ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը:

Ըստ Reuters-ի՝ Թուրքիայի արտգործնախարարը հավաստիացրել է, թե Անկարան երբեք ետքայլ չի կատարի ժողովրդավարական ձեռքբերումներից և օրենքի գերակայության սկզբունքներից: Միաժամանակ, Մևլութ Չավուշօղլուն անընդունելի է համարել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հայտարարությունը, ով Թվիթերում գրել էր, թե այնպիսի տպավրություն է, որ Թուրքիայում մինչ հեղաշրջման փորձը նախօրոք կազմել էին ձերբակալվողների ցուցակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG