Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդի վրա հարձակումից 6 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ


Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա զինված հարձակումից 6 տուժած է տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից 4-ն են այս պահին հոսպիտալացված, երեքը՝ ոստիկան, մեկը՝ զինված խմբավորման անդամ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այս պահին հոսպիտալացված է ոստիկանության լրատվության ծառայության 33-ամյա օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը: Նա աջ նախաբազկի հրազենային վիրավորում է ստացել․ ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել՝ չպատասխանեց: Ոստիկանությունը լրագրողներին արգելել էր իրենց վիրավոր աշխատակիցներին որևէ հարց ուղղել:

Հիվանդանոցի ընդհանուր կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչն ասաց՝ մի քանի օրից նա դուրս կգրվի, հավելեց՝ ծանր է վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինված խմբի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի վիճակը՝ որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում ունի: Այստեղ երեկվանից երեք հոգի են տեղափոխվել, մեկն այսօր դուրս է գրվել, երկուսը դեռ բժիշկների հսկողության տակ են:

«Մեկը ոչ հրազենային, երկուսը՝ հրազենային վնասվածքներ ունեն: Մեկը՝ նախաբազկի փափուկ հյուսվածքների կույր վնասվածք, վիճակը այսօր բավարար է: Մյուսը՝ որովայնի թափանցող վնասվածք՝ աղիքի, երիկամի վնասումով, ներքին արյունահոսությամբ, ծանր վիճակում: Այսօր վիրահատվել է, այսօր բավարար է, ապարատից անջատվել է, ինքնուրույն շնչառությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց բժիշկ Արսեն Ասատրյանը՝ շարունակելով:

Երեկվա իրադարձություններից հետո երկու ոստիկան էլ տեղափոխվել է Զինվորական կենտրոնական հոսպիտալ: Քունքային հատվածում հրազենային բեկորային վնասվածք ստացած փոխգնդապետը տեղում բուժօգնություն է ստացել ու դուրս գրվել: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մյուս վիրավորին՝ գնդապետին, վիրահատել են, վիճակը բավարար է:

«Կոնկրետ խոսքը վերաբերում է [գնդապետ] Հովհաննիսյան Արամին․ որովայնի դիմային պատի, առաջնային պատի վիրավորում է: Վիրահատվել է, ոչ մի խնդիր չունենք, նորմալ է ամեն ինչ», - նշեց Ասատուրյանը:

Ծանր է համալսարանական թիվ 1 կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը: Հիվանդանոցում հանդիպեցինք նրա կնոջն ու քրոջը, հրաժարվեցին հարցազրույց տալ, միայն ասացին՝ տանն անչափահաս որդին է սպասում: Հիվանդի մասի կցկտուր տեղեկություն ստացանք հիվանդանոցից՝ հրազենային վիրավորում է ստացել, վիրահատել են, վիճակը՝ ծանր կայուն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից այսօր դուրս են գրվել երեկ ընդունված վիրավոր ոստիկանները: Հիվանդանոցի վերակենդանացման և շտապօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը փոխանցեց՝ նրանք հրազենային վիրավորում չեն ունեցել:

«Սիրեկանյան Վլադիմիր՝ ոստիկան է, 44 տարեկան, սթրեսային ֆոնի վրա եղել է հիպերտոնիկ կրիզ, ճնշման բարձրացում մինչև 220-230, մինչև առավոտյան համապատասխան օգնությունից հետո կազդուրվել է, դուրս է գրվել, և մեկ ոստիկան՝ օրվա ընթացքում սայթաքել էր, ծնկան հոդի շրջանում փոքր սալջարդ էր ստացել», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG