Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնն ավարտվեց. միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Բրանկո Շմիդտի «Բալերի անունները» խորվաթական լիամետրաժ ֆիլմը, իսկ իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղի «Անմահը» ֆիլմին շնորհվեց «Արծաթե ծիրան» մրցանակ:

Միջազգային վավերագրական մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ ռուսաստանցի կինոռեժիսոր Եվգենի Գրիգորևի «Ձախ ափի հանդիման» վավերագրական կինոնկարը, իսկ «Արծաթե ծիրանը» «Դոն Ժուան» վավերագրական ֆիլմի համար վաստակեց Եժի Սլադկովսկին՝ Շվեդիայից:

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցանակաբաշխությունն էլ հետևյալ պատկերը ունեցավ՝ «Ոսկե ծիրանը» վաստակեց Աննա Արևշատյանը՝ «Բարի լույս» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար, հայկական լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմը: Նույն անվանակարգում Ժյուրիի հատուկ հիշատակման և լավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի արժանացավ Դավիթ Սաֆարյանի նկարահանած «28-94» լիամետրաժ խաղարկային կինոնկարը:

FIPRESCI-ի մրցանակը նույնպես բաժին հասավ միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» նվաճած խորվաթական «Բալերի անունները» ֆիլմին, իսկ Էկումենիկ ժյուրին իր մրցանակը հանձնեց նույն անվանակարգում արծաթե մրցանակը վաստակած իրանական «Անմահը» ֆիլմին:

«Փառատոնն անցավ շատ պրոֆեսիոնալ, առանց ավելորդ ծախսերի, առանց օպերայի, առանց ռեժիսորի, առանց պարի-երգի, առանց թիթիզ բաների: Մենք բերել ենք աշխարհի լավագույն ֆիլմերը, որ այսօր գոյություն ունեն: Ինձ թվում է՝ ծրագիրը այնպիսին էր, որ ոչ մի հանդիսատես չի կարող դժգոհել», - ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Պետք է ասեմ, որ աշխույժ ընթացք էր ամբողջ փառատոնի․ հանդիսատեսով աշխուժացված, հետաքրքիր ֆիլմերով աշխուժացված», - մեկնաբանեց փառատոնի միջազգային խաղարկային մրցույթի նախագահ Տիգրան Մանսուրյանը, - «Իսկապես շատ բարձր որակի փառատոն է»:

XS
SM
MD
LG