Մատչելիության հղումներ

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, ազատվել աշխատանքից


Թուրքիայում ձերբակալում են հեղաշրջման մեջ ներգրավված զինվորականին, 17-ը հուլիսի, 2016թ․

Թուրքիայում ձերբակալում են հեղաշրջման մեջ ներգրավված զինվորականին, 17-ը հուլիսի, 2016թ․

Երեք օր շարունակ Թուրքիայում ընթացող զանգվածային ձերբակալությունների արդյունքում երկրի ամենատարբեր կառույցներում կալանավորվածների և աշխատանքից հեռացվածների թիվը տասնյակ հազարների է հասնում: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` հունիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձը գլխավորելու կասկածանքով Անկարայի Արդարադատության պալատ են բերվել ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքը և ևս 26 գեներալներ: Ձերբակալվել են նաև «Ինջիրլիք» ռազմաբազայի թուրք հրամանատար Բեքիր Էրջան Վանը և բազայում ծառայող 11 զինվորականներ: Ընդհանուր առմամբ ողջ երկրում ձերբակալվել են ցամաքային և ծովային զորքերի 103 գեներալներ:

Հեղաշրջման տապալումից հետո ուղղաթիռով Հունաստան փախած թուրք զինվորականները այսօր դատարանի առաջ են կանգնել թուրք-հունական սահմանին գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքում: Վերջիններս արտահանձնվելու են թուրքական կողմին:

Այսօր լայնածավալ գործողություններ են իրականացվել ներքին գործերի նախարարության կողմից: Պաշտոնից հեռացվել է 8777 աշխատակից` այդ թվում մեկ նահանգապետ, անվտանգության, ժանդարմերիայի, ինչպես նաև տարածքային ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ: Երկրի դատաիրավական և ռազմական համակարգի կառույցներում շարունակվում են այսպես կոչված զտումներ իրականացվել: Ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել, որոնց գրեթե կեսը դատավորներ և դատախազներ են:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ երեկոյան դիմելով Անկարայի կենտրոնական հրապարակում հավաքված բազմությանը, հայտարարել է, որ հեղաշրջման փորձը նախաձեռնողները զինվորական համազգեստ հագած մարդասպաններ և ահաբեկիչներ են, որոնք պատասխան են տալու թափված ամեն կաթիլ արյան համար: Այս համատեքստում Թուրքիայում քննարկվում է մահապատժի վերականգնման հարցը, որը վերացվել է 2004 թվականին: Արևմուտքից բացասական արձագանքներ են հնչում այս կապակցությամբ: Մասնավորապես նման կարծիք այսօր արտահայտել է Ավստրիայի արտգործնախարարը:

Թուրքիայում ստեղծված իրավիճակը այսօր քննարկվել է Բրյուսելում: Թուրքական «Հյուրիյեթ»-ի հաղորդմամբ` Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ անհանգստություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով` նշելով, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևելու է հետագա զարգացումներին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման խնդրին, ապա պետքարտուղար Քերրին ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում կայացնելու համար Անկարան պետք է ապացույցներ ներկայացնի: Նշենք, թուրքական իշխանությունները հենց Գյուլենին են մեղադրում հունիսի 15-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Ինքը Գյուլենը հերքել է այս մեղադրանքները` հայտարարելով, որ եթե թուրք-ամերիկյան շահերի համընկնման արդյունքում արտահանձնման հարց լինի, ապա ինքը չի դիմադրի:

XS
SM
MD
LG