Մատչելիության հղումներ

Ղազախստանում ահաբեկչության վտանգի ամենաբարձր աստիճան է հայտարարվել


Ականատեսների վկայությամբ, 27-ամյա տղամարդը զենքով գրոհել է ոստիկանական բաժանմունքներից մեկը: Փոխհրաձգության հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդ է տուժել:

Ղազախստանում այսօր ահաբեկչության վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան հայտարարվեց առավոտյան Ալմաթիում տեղի ունեցած փոխհրաձգություններից հետո, որոնց արդյունքում առնվազն հինգ մարդ սպանվել է, ութը՝ վիրավորվել:

Մոտ մեկ ժամ շարունակված հատուկ գործողություններից հետո իրավապահներին հաջողվեց վնասազերծել հանցագործին: Ավելի ուշ նախագահականում հրավիրված արտահերթ նիստում երկրի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարը հայտարարեց՝ ձերբակալվածը կապեր է ունեցել իսլամիստների հետ:

«Նա նախկինում երկու անգամ դատապարտված է եղել՝ կողոպուտի ու ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Բանտում էլ հենց նա մերձեցել է ծայրահեղականների հետ, մենք այժմ քննություն ենք տանում այդ ուղղությամբ», - հայտարարեց Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Ժումականովը:

Ներքին գործերի նախարար Կալամուխանբետ Կասիմովը նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ մանրամասներ ներկայացրեց դրամատիկ իրադարձություններից՝ փաստելով՝ ամեն ինչ սկսվել է առավոտյան, երբ անհայտ անձը մոտեցել է ոստիկանության բաժանմունքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանին, զենքով վիրավորել նրան ու զավթելով ինքնաձիգն՝ առաջ անցել:

«Նա ինքնաձիգով կրակ է բացել հերթապահ բաժանմունքի և ոստիկանության բակում կանգնած մարդկանց ուղղությամբ: Չորս ոստիկաններ վիրավորվել են, քաղաքացիներից մեկը՝ սպանվել, որից հետո հանցագործը դուրս է եկել, մեքենա կանգնեցրել և զենքի ուժով ստիպել իրեն տանել այլ ուղղությամբ», - ասաց Կասիմովը:

Ոստիկանությունից փախուստի դիմելով՝ զինված տղամարդը կանգ է առել նաև Ազգային անվտանգության կոմիտեի բաժանմունքներից մեկի մոտ և անկանոն կրակ արձակել շենքի ուղղությամբ: Ի վերջո իրավապահներին հաջողվել է կանգնեցնել ու ձերբակալել նրան:

Կատարվածը որակելով որպես ահաբեկչություն՝ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրահանգեց իրավապահներին խստացնել անվտանգության միջոցառումները: Արդեն հաղորդվում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներում, այդ թվում՝ օդանավակայաններում, ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երկրորդ զինված միջադեպն է Ղազախստանում: Հունիսի սկզբին էլ մի խումբ երիտասարդներ զենքով հարձակվել էին Ակտոբե քաղաքում զենքի վաճառքով զբաղվող երկու խանութների և զորամասի վրա՝ սպանելով չորս խաղաղ բնակչի և երեք զինծառայողի: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կատարվածը որակել էր որպես ահաբեկչություն, երկրով մեկ սկսվել էր հակաահաբեկչական գործողությունների շարք, որոնց արդյունքում առնվազն 28 մարդ էր սպանվել, 9-ը՝ ձերբակալվել:

Մինչ այս պահը որևէ ծայրահեղական խմբավորում կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել, սակայն երկրի իշխանությունները վստահ են, որ դրանց հետևում կանգնած են «Իսլամական պետության» համախոհները: Reuters-ը փաստում է՝ Կենտրոնական Ասիայի այս հանրապետությունից հազարավոր ներկայացուցիչներ են անդամագրվել «Իսլամական պետության»-ը՝ մեկնելով Սիրիա և Իրաք, և Նազարբաևի վարչակազմը մտավախություն ունի, որ նրանք կարող են վերադառնալ ու ռազմական հարձակումներ իրականացնել նաև հայրենիքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG