Մատչելիության հղումներ

Զենք-զինամթերք պահելուն օժանդակելու կասկածանքով բերման է ենթարկվել 16 քաղաքացի


Ոստիկանությունը զենք զինամթերք ու պայթուցիկ սարքեր պահելուն օժանդակելու կասկածանքով այսօր բերման է ենթարկել 16 քաղաքացու, այդ թվում ոստիկաններին երեկ պատանդ վերցրած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի կնոջն ու դստերը։

Ոստիկանները բռնի ուժ կիրառելով այսօր որոշ քաղաքացիների հեռացնում էին Խորենացի փողոցի փակ հատվածից։

Երեկ մի խումբ զինված անձանց կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից հետո տասնյակ անձինք բերման ենթարկվեցին Երևանի Ազատության հրապարակից: Ավելի վաղ ոստիկանության բաժանմունքներ էին տարվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ ու ընդդիմադիր ակտիվիստներ:

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը առավոտյան Խորենացու փողոցում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են նախօրեին բերման ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, արձագանքեց․ - «Ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում բոլոր իրավական հիմնավորումները կան, և բոլորը ստացել են իրենց պատշաճ պատասխանը, ինչի մասին տարածել ենք նաև համապատասխան հաղորդագրություն: Բոլորը բաց են թողնվել, նրանցից ոմանք ենթարկվել են վարչական պատասխանատվության, ոմանք էլ ներկայացվել են քննության, հարցաքննության»:

«Ովքեր կխանգարեն հասարակական կարգը, իհարկե բերման կենթարկվեն, ովքեր օրինահարգ են՝ վախենալու ոչինչ չունեն», - վստահեցրեց Հունան Պողոսյանը:

Երեկ քաղաքացիներին ոչ միայն ոստիկանության բաժանմունքներ էին տարել, այլև Ոստիկանության զորքերի զորամաս: Կեսգիշերին նրանց մի մասին՝ հիմնականում տարեց քաղաքացիներին, ազատ արձակեցին: «Ազատության» հետ զրույցում նրանք պնդում էին, որ իրենց զորամաս են բերել առանց պատճառաբանության, պարզապես փողոցից, բռնության են ենթարկել և շուրջ 10 ժամ պահել ազատազրկման վայրում:

Իրավապաշտպանները պնդում են՝ ստեղծված վիճակը պատճառ չէ, որպեսզի տասնյակ մարդիկ բերման ենթարկվեն ու պահվեն անմարդկային պայմաններում։ Նրանցից շատերը իրավական ու բժշկական օգնության հնարավորություն չեն ունեցել ընդգծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Ես հասկանում եմ՝ ոստիկանության բաժին, բայց Ոստիկանության ներքին զորքերի զորամասը ընդհանրապես, որպես այդպիսին, մարմին չի հանդիսանում, որտեղ պետք է քաղաքացիական անձին տեղափոխել, պահել, էլ չեմ խոսում՝ բռնություն կատարել: Ես սա որակեցի որպես համակենտրոնացման ճամբար: Փաստաբաններին չէին թողնում մուտք գործել և հանդիպել անձանց, որոնք դիմել էին իրավական աջակցության: Իսկ այն, որ բռնություններ էին կատարվել առանձին անձանց նկատմամբ՝ դա ուղղակի հաշվեհարդար էր», - հավելում է Սաքունցը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով էլ՝ իրավական բազմաթիվ նորմեր են խախտվել։

«Ոստիկանությունն օրենքից դուրս է գործում, և քանի որ դա օրենքից դուրս է՝ ուրեմն դա ոստիկանություն կոչվել չի կարող: Ոստիկանության գերխնդիրը պետք է լինի ցանկացած պարագայում օրենքի շրջանակներում գործել և չմխրճվել քաղաքական գործընթացների մեջ: Մեր իրականությունում լրիվ այլ բան ենք տեսնում՝ ոստիկանությունը մշտապես ներգրավված է քաղաքական գործընթացներում, ոստիկանությունը շատ հաճախ գործում է օրենքից դուրս և հիմնականում օգտագործվում է երկրի քաղաքական իշխանության կողմից որպես մահակ՝ քաղաքացիների գլխին», - ասում է իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG