Մատչելիության հղումներ

ՄԻՊ․ Հասկանալի են կանխարգելիչ գործողությունները, բայց պետք է պահպանվեն քաղաքացիների իրավունքները


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը, արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր Ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները: Այդ մասին հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը:

«Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ Ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու և Ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր», - փոխանցում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ շարունակելով․ - «Թեև հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որևէ միջամտություն և պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները»:

Ընդգծելով, որ Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա, օմբուդսմենի աշխատակազմը կարևորում է, որ Ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ:

«Պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումները վեր հանվեն, լիազորությունների չարաշահման հնարավոր բոլոր դեպքերը և դրանք թույլ տված անձինք ենթարկվեն պատասխանատվության», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG