Մատչելիության հղումներ

Օտարերկրյա լրատվամիջոցները՝ երևանյան իրադարձությունների մասին


Երևան, 17-ը հուլիսի, 2016թ․

Երևան, 17-ը հուլիսի, 2016թ․

Արևմտյան լրատվամիջոցները կիրակի առավոտից ակտիվորեն լուսաբանում են երևանյան զինված միջադեպը՝ ժամ առ ժամ ներկայացնելով նոր մանրամասներ:

«Հայաստանի անվտանգության ուժերը բանակցում են մի խումբ զինված մարդկանց հետ, որոնք պաշարել են Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկը», - հաղորդում է գերմանական Deutsche Welle հեռուստակայանը՝ հավելելով, որ զինված խումբը կապեր ունի ազատազրկված ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ:

The New York Times-ը մեջբերում է բարձրաստիճան ոստիկաններից մեկի խոսքերը, ով չի ցանկացել ներկայանալ, սակայն նշել է՝ հարձակվողները մոտ 20-ն են և գերեվարել են առնվազն 8 ոստիկանի:

BBC-ն մանրամասնում է՝ նախկին հրամանատար, այժմ ազատազրկված Սեֆիլյանը խստորեն քննադատում էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում որդեգրած դիրքորոշման համար:

Բրիտանական The Guardian-ը հավելում է, որ փոքրաթիվ ընդդիմադիր խմբի՝ «Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդ Սեֆիլյանն ու նրա վեց աջակիցները ձերբակալվել են մեկ ամիս առաջ՝ հունիսին, երբ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, թե նրանք իշխանափոխություն էին պատրաստում՝ ծրագրելով գրավել կառավարական շենքեր ու հեռահաղորդակցության միջոցներ: Կառավարության հասցեին իր մոլի քննադատությամբ հայտնի Սեֆիլյանը ձերբակալվել էր նաև 2006 թվականին՝ զինված իշխանափոխության կոչեր անելու համար, և դատապարտվել 1․5 տարվա ազատազրկման: Անցած տարի Սեֆիլյանն իր մի խումբ աջակիցների հետ կրկին հայտնվել էր ճաղերի ետևում՝ իշխանափոխություն ծրագրելու համար, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվել, հիշեցնում է բրիտանական պարբերականը՝ հավելելով՝ նախկին զինվորական Սարգսյանը մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող այս երկրի նախագահն է 2008 թվականին ընդդիմության ու ոստիկանության միջև տեղի ունեցած արյունալի մարտերից հետո, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ:

Russia Today-ը հիշեցնում է՝ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա ընդդիմադիր շարժումը՝ «Նոր Հայաստան»-ը, անցած հոկտեմբերին հայտարարեցին, թե քաղաքացիական անհնազանդության գործընթաց են սկսում: «Միայն ընտրություններով անհնար է իշխանափոխության հասնել», - ընդդիմադիր առաջնորդի խոսքերն է մեջբերում ռուսական հեռուստաընկերությունը:

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է՝ ուժեղացվել է վերահսկողությունը դեպի Երևան տանող ճանապարհներին, ոստիկանությունը ստուգում է մայրաքաղաք մտնող բոլոր մեքենաները:

XS
SM
MD
LG