Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Գիշերը ազատ են արձակվել պատանդ պահվող մեկ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ


Իրավապահները Խորենացու փողոցում, 17-ը հուլիսի, 2016թ․
Իրավապահները Խորենացու փողոցում, 17-ը հուլիսի, 2016թ․

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: Այդ մասին ասված է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հայտարարությունում:

Այդուհանդերձ, նշում է ԱԱԾ-ը, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին:

«Կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար», - հայտարարում է ԱԱԾ-ը:

«ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել: Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG