Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը «մարդաորս» է որակում կիրակի օրը տեղի ունեցածը


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան, արխիվ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան, արխիվ

Բերման ենթարկված քաղաքացիները պնդում են՝ ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գիշերը Երևանի Ազատության հրապարակում էր, որտեղից երեկ ամբողջ օրվա ընթացքում ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկում:

Իրավապաշտպանը «մարդաորս» է որակում տեղի ունեցածը: «Մտահոգված եմ, դրա համար եմ էստեղ, մանավանդ որ իմացա, որ էլի մարդաորս է կատարվում, շատ-շատերին ձերբակալում են, և հատկապես՝ Ազատության հրապարակից, և էդ մտահոգություններով եկել եմ էստեղ՝ տեսնեմ ինչ է կատարվում, ես էլ տեղեկատվության կարիք ունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը:

«Ինձ համար էլ էր անսպասելի այդ արարքը, որ արվեց Վարուժան Ավետիսյանի և նրա ընկերների կողմից, ես կարծում եմ, որ դա հուսահատության արարք էր, թերևս, ես ուղղակի ուզում եմ բացատրել, որ հարազատներին, ընկերներին, ծանոթներին՝ անօրինական, ես պնդում եմ, ձերբակալած, դատավարություններ էին գնում, և կարծում եմ, որ նրանք արդեն հուսահատությունից ելնելով այդ արարքը գործեցին», - նշեց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Շատ ցավալի է, մանավանդ որ զոհ ունենք մենք էստեղ, և ամենակարևոր հարցն այստեղ այն է, որ նոր զոհեր չլինեն և ինչ-որ ձևով բանակցություններով այս հարցը լուծվի»:

«Դրա համար եմ շատ մտահոգ, և այս առիթը օգտագործելով, թե, չգիտեմ, պատճառ լինելով՝ այդ զանգվածային ձերբակալություններն են շատ մտահոգում, և սա որևէ արդարացում չունի, որ էդ դեպքի հետ կապված՝ զանգվածային ձերբակալություններ են կատարվում», - ընդգծեց Իշխանյանը:

Իրավապաշտպանը դեռևս հույս ունի, որ ուժային մեթոդի իշխանությունները չեն դիմի․ - «Իսկ եթե դիմեն ուժային մեթոդների և նոր զոհեր լինեն, դա կլինի մեծագույն ողբերգություն, և չգիտեմ, թե դրա տակից և՛ իշխանությունը, և՛ ընդհանրապես մեր հասարակությունը ոնց է դուրս գալու»:

Կիրակի օրը բերման ենթարկված քաղաքացիները պնդում են՝ ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց: Ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի տարբեր բնակավայրերում ոստիկանները մի քանի տասնյակ մարդու են բերման ենթարկել: Ինչպես պնդում են բերման ենթարկվածները, իրենց որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու են տանում ոստիկանություն:

XS
SM
MD
LG