Մատչելիության հղումներ

logo-print

Գիշերը Խորենացու փողոցում, ՊՊԾ գնդի գրավված տարածքում անցել է առանց միջադեպերի


Խորենացու փողոցը հուլիսի 17-ին

Խորենացու փողոցը հուլիսի 17-ին

Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդ տանող Խորենացու փողոցում գիշերը որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում նույնպես կարծես թե միջադեպեր չեն եղել, համենայն դեպս՝ նման տեղեկություն ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՛չ Ոստիկանությունը չեն հաղորդում:

Այս պահի դրությամբ, ավելի քան 30 ժամ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները իրենց հսկողության տակ են պահում գնդի տարածքը:

Գիշերը այն հատվածում, որտեղ լրագրողներն են, մեծ թվով ոստիկաններ կային: Կեսգիշերից հետո՝ ժամը 2-ի սահմաններում, այստեղ եկավ նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցում էին բարձրաստիճան այլ ոստիկաններ: Տեղեկություններ չկան՝ արդյոք նա հասա՞վ մինչև գնդի տարածք, թե՞՝ ոչ: Ոստիկանապետը քայլում էր, զրուցում ոստիկանների հետ: Մոտ 10-15 րոպե նա մնաց այս հատվածում, հեռանալիս չշփվեց լրագրողների հետ: Գասպարյանի հեռանալուց շուրջ կես ժամ անց, այստեղ տեղակայված ոստիկանական ուժերը սկսեցին լքել տարածքը, մոտ 50 մեքենա միանգամից դուրս եկավ այս հատվածից: Առավոտյան, սակայն, ոստիկանները արդեն գալիս էին:

Խորենացու փողոցի տվյալ հատվածում գիշերվա ընթացքում բացի լրագրողներից այլ քաղաքացիներ չկային, չկային նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրները:

Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության վերջին հաղորդագրությունների համաձայն՝ առայժմ շարունակում են զինված խմբավորման մոտ մնալ պատանդներ՝ վեց ոստիկաններ, այդ թվում՝ Հայաստանի և Երևանի փոխոստիկանապետերը:

Զինված խմբի պահանջները նույնն են՝ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

XS
SM
MD
LG