Մատչելիության հղումներ

Իրավապահներին և «Սասնա ծռեր»-ի անդամներին զսպվածության կոչ ենք անում․ «Քաղաքացիական պայմանագիր»


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, արխիվ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, արխիվ

Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել: Դրանում մասնավորապես ասված է․

«1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին:

2. Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, բացառել ուժային գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար։

3. Դատապարտում ենք իշխանությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների փաստերը, որոնց մասին վկայում են մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ձերբակակությունները որակում է որպես ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում:

4. ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք բացատրություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունը արգելելու վերաբերյալ:

5. Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն և պարզել համացանցային ռեսուրսների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվամիջոցների անջատումների մասին տեղեկություններն ու հանգամանքները, որոնք կարող են դիտվել որպես տեղեկատվության ազատ տարածման և ստանալու իրավունքի կոպիտ խախտում։ Դատապարտում ենք ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության արհեստական սահմանափակումները։

6. Կուսակցությունը վերահաստատում է հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը և շարունակում է համոզված մնալ, որ երկրում հաստատված վստահության խորը ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցավակցում է զոհված ՀՀ Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին: ՔՊԿ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում նույն իրադարձությունների ժամանակ վիրավորումներ ստացած բոլոր անձանց»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG