Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը միանշանակ աջակցում է Թուրքիայի դեմոկրատական իշխանությանը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա և պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա և պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվերապահորեն սատարում է Թուրքիայի՝ դեմոկրատական եղանակով ընտրված իշխանությանը։ Սպիտակ տան երեկ գիշեր այդ մասին տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նախագահը և պետական քարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են ուրբաթ օրը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված վտանգավոր իրավիճակը։

«Նախագահը և պետքարտուղարը ընդգծել են, որ Թուրքիայում բոլոր կողմերը պարտավոր են սատարել դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությանը, դրսևորել զսպվածություն և խուսափել արյունահեղությունից ու բռնություններից»,- ասվում է Պետդեպարտամենտի մամլո հաղորդագրությունում։

Ջոն Քերրին պարբերաբար տեղեկացնում է Բարաք Օբամային Թուրքիայում ծավալվող զարգացումների մասին։ Պետքարտուղարն ասել է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը քայլեր է ձեռնարկել Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

«Ես զրուցել եմ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և հավաստիացրել, որ ԱՄՆ-ը միանշանակ աջակցում է Թուրքիայի դեմոկրատական իշխանությանը, քաղաքացիական կառավարությանը և դեմոկրատական հաստատություններին»,- ասել է Քերրին։

XS
SM
MD
LG