Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ԺՀԿ-ի հայազգի պատգամավոր․ Մտավախություն ունենք, որ Թուրքիայում տոտալիտար ռեժիմը կխորանա


Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով անցած գիշեր երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, մասնավորապես, նշեց՝

«Ժողովրդավարական համակարգերում ռազմական հեղաշրջումներն անընդունելի են` անկախ նախաձեռնողի՝ ով լինելու հանգամանքից և պատճառից: Ես դատապարտում եմ երեկ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Թուրքիայի առանց այդ էլ վիճելի ժողովրդավարությունը ևս մեկ հարված ստացավ:

Թե ինչեր են թաքնված հեղաշրջման հետևում, դեռևս հայտնի չէ: Իհարկե, կարևոր է այս ամենը ջրի երես հանել, բայց սրանից ավելի կարևոր մի բան կա, այն է` հեղաշրջումներն ամբողջությամբ կանխելով՝ քաղաքական մթնոլորտ ձևավորել: Իսկ սա հնարավոր է միայն ավելի շատ ժողովրդավարության միջոցով: Մտավախություն ունենք, որ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը հեղաշրջման այս փորձը կօգտագործի իր տոտալիտար ռեժիմը է'լ ավելի ուժեղացնելու համար:

Փաստորեն, դեռ իրադարձությունների բովում, արդեն 2774 դատավոր և դատախազ է աշխատանքից հեռացվել: Մենք չենք ենթարկվելու ոչ ռազմական հեղաշրջումներին, ոչ էլ ԱԶԿ-ի քաղաքական հեղափոխություններին: Մենք է'լ ավելի ենք պայքարելու ժողովրդավարության չափանիշները բարձրացնելու համար: Մենք պարտավոր չենք ընտրություն կատարել այս առիթը օգտագործող իշխանության կողմից հրահրվող քաղաքական իսլամիստների և հեղափոխականների միջև: Երրորդ ճանապարհը` ժողովրդավարությունը, միշտ էլ հնարավոր է»:

XS
SM
MD
LG