Մատչելիության հղումներ

Էրդողանի վարչակազմն արդեն լիարժեքորեն վերահսկում է իրադրությունը


Թուրքիայի նախագահ Էրդողանը CNN Turk-ի եթերում իր աջակիցներին կոչ է անում դուրս գալ փողոց, 16-ը հուլիսի, 2016 թ․
Թուրքիայի նախագահ Էրդողանը CNN Turk-ի եթերում իր աջակիցներին կոչ է անում դուրս գալ փողոց, 16-ը հուլիսի, 2016 թ․

Թուրքիա. ձախողված հեղաշրջման ժամանակագրությունը:

Շուրջ 12 ժամ շարունակված արյունալի մարտերից ու դրամատիկ զարգացումներից հետո, այսօր առավոտյան Թուրքիայի վարչապետը հայտարարեց՝ Էրդողանի իշխանությանը հաջողվել է կրկին իր ձեռքն առնել վերահսկողությունը երկրում: Այս պահի դրությամբ հաղորդվում է շուրջ 300 սպանվածների և հազարավոր վիրավորների մասին, ձերբակալվածների թիվն անցնում է 2800-ից:

«Նրանք դավաճաններ էին և շատ թանկ են վճարելու կատարվածի համար»,- արդեն այսօր առավոտյան հայտարարեց իր աջակիցներով շրջապատված Ռեջեփ Էրդողանը, շարունակելով՝ «Այս երկրում ժողովրդի կամքից վեր բան չկա: Որպես Թուրքիայի նախագահ, հավաստիացնում եմ՝ մենք մեր ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված կպատժենք պատասխանատուներին: Այս երկիրն իշխող կուսակցություն ունի, որն ստացել է ժողովրդի քվեն, նախագահ, որն ընտրվել է ժողովրդի կողմից ու աշխատում է: Աստծո կամոք, մենք կշարունակենք կատարել մեր պարտականություններն ու երբեք չենք թողնի մեր երկիրն այս զավթիչներին»:

Ամեն ինչ սկսվեց երեկ երեկոյան, երբ մի խումբ զինված հեղափոխականներ փորձեցին իրենց ձեռքն առնել Թուրքիայի խոշորագույն երկու քաղաքները՝ Անկարան և Ստամբուլը: Նախ՝ հաղորդվեց, թե մայրաքաղաքում օդ են բարձրացվել ռազմական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ, փողոցներում տանկեր են շրջում, լսվում են կրակահերթեր ու պայթյուններ: Այդ նույն ժամանակ Ստամբուլում ապստամբները, զինվորականների ու ծանր զրահատեխնիկայի օգնությամբ, փակեցին Բոսֆորի նեղուցի երկու կամուրջները՝ հրասայլերը հասցնելով մինչև Աթաթուրքի անվան օդանավակայան:

Իրադարձությունները զարգանում էին րոպե առ րոպե: Քիչ ավելի ուշ հաղորդվեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատանդ է վերցվել, ապստամբները գրոհել են Մարմարիսում գտնվող հյուրանոցը, որտեղ հանգստանում էր նախագահ Ռեջեփ Էրդողանը, ուղղաթիռից ու տանկերից հարվածներ են հասցվել Թուրքիայի խորհրդարանի, նախագահական պալատի, իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ, գրավվել են Թուրքիայի հանրային հեռուստաընկերությունն ու CNN Turk-ի գրասենյակը:

Հենց ապստամբների թելադրանքով կեսգիշերին մոտ Թուրքիայի հանրային հեռուստաընկերության մեկնաբանը ստիպված էր ընդհատել հաղորդումն ու հայտարարել՝ իշխանությունը երկրում փոխվել է: Հեղաշրջման փորձ կատարողները խոստանում էին առավել ժողովրդավար և օրինապաշտ Թուրքիա, նոր Սահմանադրություն, առավել աշխարհիկ կարգեր: Մինչ այդ էլ հաղորդվում էր, որ երկրում պարետային ժամ է մտցվում և հայտարարվում է ռազմական դրություն:

Մի քանի ժամ նախագահ Էրդողանի գտնվելու վայրի մասին հակասական տեղեկություններ էին ստացվում: Ի վերջո, նա հայտնվեց CNN Turk-ի եթերում՝ բջջային հեռախոսի էկրանից դիմելով Թուրքիայի ժողովրդին: «Կոչ եմ անում դուրս գալ փողոցներ, կանգնել իշխանության կողքին ու կանխել զինված հեղաշրջման փորձը»,- իր աջակիցներին հորդորեց Էրդողանը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահ Էրդողանի այս կոչից հետո նրա հազարավոր աջակիցները փողոց դուրս եկան, սկսվեցին բախումներ: Իշխանության կողքին կանգնեցին նաև ոստիկանությունը, հատուկ ուժերը, հետախուզությունը, բանակի և օդուժի մի հատվածը:

ԶՈւ հրամանատարության մի մասը գիշերվա ընթացքում հրապարակավ իր հավատարմությունը հայտնեց Էրդողանին՝ կատաղի պայքար մղելով ապստամբների դեմ: Այսօր առավոտյան հաղորդվեց հատուկ ջոկատայինների ու ոստիկանների շրջանում տասնյակ զոհերի մասին, Էրդողանին աջակցող օդուժն էլ ապստամբներին պատկանող երկու ուղղաթիռ խոցեց Անկարայի երկնքում: «Մենք հաղթեցինք, բայց միայն առաջին փուլում»՝ հայտարարեց վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ կոչ անելով չկորցնել աչալրջությունը և հարկ եղած պահին կրկին փողոց դուրս գալ՝ իշխանություններին աջակցելու համար:

«Հուլիսի 15-ի գիշերը սև բիծ էր Թուրքիայի համար, Թուրքիայի ժողովուրդը կանգնեց՝ հանուն ժողովրդավարության և ընդդեմ «զուգահեռ պետության», որը փորձում էր հեղափոխություն իրականացնել: Այս փուլում պայքարն ավարտվեց, սակայն, մենք կշարունակենք բոլոր քայլերը ձեռնարկել՝ կազմակերպիչների և Թուրքիային վարկաբեկել փորձողների դեմ»,- հայտարարեց Յըլդըրըմը:

Ըստ վերջին հաղորդումների, արդեն պաշտոնանկ են արվել տասնյակ գեներալներ ու գնդապետներ, զինված ուժերում զանգվածային ձերբակալություններից բացի, լայնածավալ զտումներ են իրականացվել նաև այլ համակարգերում՝ աշխատանքից հեռացվել է 2700-ից ավելի դատավոր, ուժեղացվել է հսկողությունը քաղաքներում ու ռազմավարական օբյեկտներում, Բոսֆորի նեղուցն այժմ կրկին բաց է, օդանավակայանները վերադարձել են բնականոն աշխատանքի:

«Այս փորձը Աստծո նվերն էր մեզ, որը թույլ կտա մաքրել մեր բանակը դավաճաններից»,- նաև հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ վստահեցնելով, թե այս ամենի ետևում կանգնած է իր ախոյաններից մեկը՝ Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Վարչապետ Բինալի Յըլդըրըմն անգամ ասել է՝ այն երկիրը, որ կկանգնի Գյուլենի կողքին, «պատերազմի մեջ կլինի Թուրքիայի հետ»: Մինչդեռ, ինքը՝ Գյուլենը, անհիմն է համարել այս մեղադրանքները: «Լինելով ռազմական հեղաշրջումներից տուժած մարդ՝ ինձ համար վիրավորական է, երբ ինձ են մեղադրում նման բան կազմակերպելու մեջ»,- հայտարարել է Էրդողանի հայտնի ընդդիմախոսը:

Արևմտյան առաջնորդները ողջ գիշերվա ընթացքում մեկը մյուսի ետևից հայտարարություններ էին տարածում՝ կոչ անելով հարգել ժողովրդավարությունը, վայր դնել զենքերն ու ճգնաժամը կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այդ կոչերն ուղղված էին մի երկրի, որտեղ վերջին 30 տարվա մեջ բանակը չորս անգամ հեղաշրջում է իրականացրել, մի քանի անգամ էլ՝ կոպտորեն միջամտել ներքին քաղաքականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG