Մատչելիության հղումներ

Սաֆրաստյան․ Թուրքական հանրապետությունն իր պատմության ամենածանր օրերն է ապրում


Ռուբեն Սաֆրաստյան, արխիվ

Ռուբեն Սաֆրաստյան, արխիվ

Հայաստանում մեկնաբանում են Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները:

«Անցած գիշեր Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արկածախնդրական քաղաքականությունն է»: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, թուրքական հանրապետությունն այժմ ապրում է իր պատմության ամենածանր օրերը, ինչի պատճառը արտաքին և ներքին քաղաքականության մեջ Էրդողանի թույլ տված սխալներն են։ «Արտաքին ոլորտում նա վարում է արկածախնդրական քաղաքականություն, որը վնասում է հենց Թուրքիային, քանի որ ներգրավվել է Սիրիայի ճգնաժամի մեջ ու պաշտպանել է իսլամիստներին: Իսկ երկրի ներսում այս քաղաքականությունը բևեռացնում է հասարակությունը՝ թշնամու կերպար ստեղծելով քրդերից, հարվածներ հասցնելով ժողովրդավարական ազատություններին։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այս հեղաշրջման փորձը պայմանավորված էր այդ ճգնաժամային ծանր իրավիճակով, որի մեջ Թուրքիան հայտնվել է»,- ասաց թուրքագետը։

Անցած գիշեր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվածների թիվը հասել է 161-ի, 1440 մարդ վիրավորվել է, 2839 հոգի էլ ձերբակալվել է:

Սաֆրաստյանի կարծիքով, անցած տարիների ընթացքում Էրդողանին հաջողվել է կոտրել բանակի «աշխարհիկ՝ քեմալական ոգին», ինչի շնորհիվ էլ 1990-ականներից բանակ մտած՝ իսլամիստական գաղափարախոսության կրողներին հաջողվեց կանխել ռազմական հեղաշրջումը։

«Պարզ է, որ չհաջողվեց իրականացնել այն, ինչ նպատակ որ դրել էին, և դրա պատճառն այն է, որ թուրքական բանակն իր պատմության ընթացքում առաջին անգամ միասնական չէր։ Ըստ էության, բանակի մի հատվածը պաշտպանեց դավադիրներին, բայց մյուս մասը չպաշտպանեց։ Մասնավորապես, շատ կարևոր էր «Առաջին» կոչվող՝ Ստամբուլում տեղակայված բանակի հրամանատարի դիրքորոշումը, այն ամենակարևորն է Թուրքիայում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Կարծիք հայտնելով, որ Էրդողանի իսլամիստական գաղափարախոսության դեմ հանդես եկող ուժերը մտադիր են վերականգնել Աթաթուրքի սկզբունքներից մեկը՝ Թուրքիայի աշխարհիկությունը, արևելագետը հիշեցրեց նրանց կողմից անցած գիշերվա ընթացքում շրջանառության մեջ դրված՝ Աթաթուրքի հայտնի արտահայտություններից մեկը՝ «խաղաղություն հայրենիքում»։ Զինված հեղաշրջման փորձ կատարած՝ «Խաղաղության կոմիտեն», հիշեցնենք, երեկ հայտարարեց, թե իր նպատակը երկրում ժողովրդավարություն հաստատելն է։

«Դավադիրներն ուզում էին վերականգնել աշխարհիկ պետությունը՝ քեմալական սկզբունքներից մեկի կիրառումը, քաղաքական իսլամիզմի, ծայրահեղական իսլամական միտումի թուլացումը կամ վերացումը: Դա էին ուզում։ Եվ պատահական չէ, որ հայտարարեցին, թե ստեղծել են մի կոմիտե, որն իր վրա պետք է վերցներ իշխանությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայում տեղի ունեցածը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանին «թատերականացված բեմադրություն» է հիշեցնում։ Նրա տպավորությամբ՝ իշխանություններն այնտեղ կարծես թե նախապատրաստված էին այդ իրադարձություններին: Իսկ բեմականացման նպատակը, ըստ նրա, հետևյալն է՝ «որ բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր լոյալ չեն Էրդողանի հանդեպ»: Ուստի, տեղի ունեցածից հետո զտումներ կիրականացվեն զինուժում, և նրանք, ովքեր կհամարվեն դավաճան, «շատ խիստ պատիժներ կկրեն»:

Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում ժողովրդին ուղղված՝ Էրդողանի կոչին՝ դուրս գալ փողոց և պայքարել հեղաշրջման մասնակիցների դեմ։ «Այն, որ նա կոչ արեց ժողովրդին՝ դուրս գալ փողոցներ, դա իր համար կարծես ինդուլգենցիայի պես բան էր, պետք է ցույց տար՝ տեսեք՝ ես ժողովրդավարական մեթոդներով ընտրված առաջնորդ եմ, ժողովուրդն իմ կողմնակիցն է, ընդ որում, ոչ միայն աջակիցները, այլև երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները Էրդողանին աջակցություն հայտնեցին: Այսինքն՝ ինքը կարծես թե լեգիտիմության պաշար է ձեռք բերում և հետո իր դիրքերը ամրապնդում է՝ Սահմանադրության կարգը փոփոխելուց առաջ»,- կարծիք հայտնեց Անուշ Հովհաննիսյանը:

Նախագահ Էրդողանը, հիշեցնենք, տեղի ունեցածը «դավաճանություն» էր որակել՝ հայտարարելով, թե հեղաշրջման փորձի հեղինակները շատ թանկ են վճարելու:

XS
SM
MD
LG