Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները վստահեցնում են՝ հեղաշրջման փորձը ձախողվել է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես գալիս Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, 16-ը հուլիսի, 2016թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես գալիս Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, 16-ը հուլիսի, 2016թ.

Էրդողանը խոստանում է՝ հեղաշրջման փորձի հեղինակները «ծանր գին են վճարելու»։

Հեղաշրջման փորձի հեղինակները կվճարեն իրենց պատճառած քաոսի համար, Թուրքիան երբեք չի հանձվի «օկուպանտներին», հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Շաբաթ վաղ առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից, ուր ժամանել էր Մարմարիս հանգստավայրից, ուղիղ հեռուստահեռարձակման ժամանակ Էրդողանը «դավաճանության և ապստամբության շարժում» է անվանել հեղաշրջման փորձը, որի համար «նրանք ծանր գին են վճարելու»։

«Կա գործող իշխանություն և ժողովրդի կողմից ընտրված նախագահ։ Մենք ծառայության մեջ ենք և կշարունակենք կատարել մեր պարտականությունները մինչև վերջ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա զգուշացրել է հեղաշրջման փորձին մասնակցող զինվորներին, որ սեփական ժողովրդի դեմ զենք կիրառելու դեպքում թանկ կվճարեն։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ սպանվել է մի գեներալ, 130 զինվոր ձերբակալվել է։

Անկարայի դատախազությունը հայտնել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ 60 մարդ է սպանվել, որոնցից 42-ը՝ Անկարայում։

Իշխանությունները վստահեցնում են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, և իրավիճակը վերահսկվում է։ Քիչ առաջ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ հեղաշրջման փորձի համար 754 մարդ է ձերբակալվել։

Հաղորդվում է նաև, որ Ստամբուլի Բոսֆորի կամուրջի վրա տեղակայված ապստամբ զինվորականները հանձնվել են իշխանություններին։

Թեև վարչապետը վստահեցնում էր, որ գեներալ Հուլուսի Աքարը շարունակում է կատարել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունները, Յըլդըրըմը, Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, շտաբի պետի պաշտոնակատար է նշանակել 1-ին բանակի հրամանատար գեներալ Յումիթ Դյունդարին։ Ավելի վաղ, հիշեցնենք, հաղորդվել էր, որ Աքարին պատանդառել են հեղաշրջման փորձ իրականացնողները։

XS
SM
MD
LG