Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստվում է արգելափակել որոշ ապրանքների ներմուծումը Թուրքիայից


Հայրենական արտադրանքը խթանելու և ներքին շուկան պաշտպանելու նպատակով Հայաստանը պատրաստվում է արգելափակել որոշ ապրանքների ներմուծումը Թուրքիայից:

«Ցանկացած երկրի ներմուծվող ապրանքը, եթե մեր ազգային տնտեսությանը, տեղական արտադրողին պատճառում է վնաս, դուրս է մղում շուկայից կամ սահմանափակում է կազմակերպման հնարավորությունը, մենք այստեղ կիրառելու ենք ոչ սակագնային, թույլատրելի մեթոդներ», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է ազգային տնտեսության զարգացման մոդել: Նրա խոսքով, այս պահի դրությամբ 700 ապրանքատեսակ է ներմուծվում Թուրքիայից և կառավարությունը պատրաստվում է առաջին փուլում արգելել դրանցից 50-ի ներմուծումը և փոխարենն իրացնել տեղական արտադրանքը: Մինասյանի խոսքով, Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակների նկատմամբ արգելքն առաջին քայլն է։

Իշխող Հանրապետականի հետ կառավարման պատասխանատվությունը ստանձնած Դաշնակցությունը տարիներ շարունակ խոսել է Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելք սահմանելու անհրաժեշտության մասին: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց ոչ շատ անց հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են Թուրքիայից Հայաստան ներմուծման արգելքի հնարավոր սցենարները:

Թուրքիայից 2015-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 138 միլիոն դոլարի ապրանք, որը կազմում է անցյալ տարի Հայաստանի ներմուծման մոտ 4 տոկոսը, ընդ որում Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 3 անգամ ավելի շատ է, քան ԵՏՄ գործընկերներ Ղազախստանի և Բելառուսի հետ միասին։

Սպասվող որոշակի սահմանափակումներին զուգահեռ, Հայաստանը խրախուսում է օտարերկրյա ներդրումները:

«Այսօր երկիրը պատրաստ է մեծածավալ օտարերկրյա ներդրումների ժամանակ ընդունել ընդհուպ առանձին օրենք տվյալ ներդրման ժամանակ, տրամադրել հարկային արտոնություններ և նույն օրենքով նախատեսել նաև պաշտպանական հատուկ մեխանիզմներ», - այսօր հայտարարեց Մինասյանը:

Էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ, արդյունաբերության ոլորտում երկնիշ տնտեսական աճ է ակնկալվում։ Միաժամանակ, տնտեսությունը ոչ թե վերելքային, այլ վերականգնման փուլում է։

«Եթե համեմատելու լինենք ԵՏՄ-ից առաջ իրավիճակի հետ, ապա հիմա կարծեք թե վերականգնման շրջանում է, որովհետև ԵՏՄ մուտքի առաջին շրջանում որոշակի շփոթի պատճառով էականորեն դեպի նվազում գնաց, հետո աստիճանաբար սկսեց վերականգնվել», - նշեց նա:

«Անունները դուք ինձանից լավ գիտեք»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսի 12-ին հանձնարարել էր վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները և առաջարկել արդյունավետ լուծումներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարարն ասաց, թե նպատակահարմար չի համարում հրապարակել մենաշնորհային դիրք գրավող տնտեսվարողների անունները։

«Անունները դուք ինձանից շատ լավ գիտեք, և տնտեսական քաղաքականությունը վերածել նեղ, փոքր, խմբային, անձնական մոտեցումների՝ ես պատրաստ չեմ, որովհետև իմ գլխավոր խնդիրը, որպես էկոնոմիկայի նախարարի, համակարգային լուծումներ առաջարկելն է կառավարությանը՝ ոլորտները ամբողջությամբ ազատականացնելու ուղղությամբ», - այս առնչությամբ հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Լրագրողների մի մասը «խանգարում է»

Խոսելով ներդրվելիք նոր էլեկտրոնային համակարգի մասին՝ որտեղ ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա մուտքագրել ապրանքի կոդը կամ անվանումը և ինքնուրույն պարզել բոլոր ընթացակարգերը, նախարարը անդրադարձավ տնտեսության զարգացման գործում լրագրողների դերին:

«Այն, ինչով ձեզանից մի մասը զբաղված է, ուղղակի խանգարում է երկրի զարգացման ընթացքին», - հայտարարեց նախարարը:

Չնայած լրագրողների հասցեին հնչեցրած այս քննադատությանը՝ Արծվիկ Մինասյանը նրանց կոչ արեց իր ենթակայության ներքո գտնվող կառույցներում չարաշահումներ կամ կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբերելու դեպքում անպայման ահազանգել։

XS
SM
MD
LG