Մատչելիության հղումներ

Անկարան պաշտպանում է ԼՂ հակամարտության կարգավորման վերջին ջանքերը


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահներին հորդորելու է պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը: Մամեդյարովն էլ հույս ունի, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների նորմալացումը դրականորեն կանդրադառնա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա:

«Երկուշաբթի օրը Անկարա են այցելելու Մինսկի խմբի համանախագահները: Թուրքիան նրանց առաջարկելու է պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը: Խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ, բանակցային ճանապարհով»,- Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսին նման հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ ասել է, թե իր թուրք գործընկերոջը տեղեկություններ է հաղորդել ղարաբաղյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Թուրքիան, որպես տարածաշրջանի առաջատար երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է տեղեկացված լինի այդ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, նշել է Մամեդյարովն ու հավելել՝ «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների նորմալացումն, անկասկած, դրական ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկու արտգործնախարարներն անդրադարձել են նաև ադրբեջանցի զինծառայող՝ ավագ լեյտենանտ Թուղրուլ Մամեդովի «զոհվելու միջադեպին»: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ, նա զոհվել է երեկ երեկոյան, Աղդամի շրջանում: Մամեդյարովն ասուլիսի ժամանակ ասել է՝ «այդ ողբերգությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել բանակցային գործընթացը, որպեսզի վերջ տրվի նման միջադեպերին»:

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին նշել է, թե անհրաժեշտ է խուսափել սադրիչ քայլերից զորքերի շփման գծում: «Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար: ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և բանակցային ճանապարհով: Ապրիլին մենք տեսանք, թե որքան անօգուտ են հրադադարի խախտման սադրիչ գործողությունները»,- նաև ասել է Չավուշօղլուն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ էլ Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունները, հատկապես վերջին տարիներին, հասել են «կատարյալ մակարդակի»: Ալիևն էլ ասել է, թե երկու երկրները ապագայում ևս կսատարեն միմյանց:

XS
SM
MD
LG