Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Հափշտակված գումարները հնարավոր է նախատեսված են եղել ատոմակայանի անվտանգության համար


Ատոմակայանում հափշտակված գրեթե 800 միլիոն դրամը հնարավոր է նախատեսված է եղել կայանի անվտանգության ապահովման համար՝ այսօր «Ազատության» հետ զրույցում, ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը:

«Ակնհայտ է, որ նման կարգի, նման գումարի չարաշահումներ, կարելի է բավականին մեծ հավանականությամբ պնդել, որ դա իրականացվել է անվտանգության հետ կապված շինարարական աշխատանքների ծախսերում», - նշեց Մանուկյանը:

Փորձագետը մանրամասնեց՝ իր հետևության համար հիմք է հանդիսացել Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը:

Երեկ տարածված ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ծառայության քննչական վարչությունում ավարտվել է Հայկական ԱԷԿ-ում չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ատոմակայանի նախկին ղեկավարները՝ գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը, վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783.5 միլիոն դրամի վնաս, հանցագործությունը բացահայտվել է և վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը դատարանում է:

Թե ինչ կարգավիճակում են ատոմակայանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, արդյո՞ք նրանք անազատության մեջ են և ի՞նչ մեղադրանք է նրանց ներկայացվել, ԱԱԾ-ից դեռ պատասխան չունենք:

Արտակ Մանուկյանի խոսքով, տեղի ունեցածը վկայում է որ պետական կարևորագույն ձեռնարկություններից մեկում չի գործել ներքին վերահսկողության մեխանիզմը, բացի այդ՝ իրենց վերահսկողական աշխատանքներում թերացել են համապատասխան պետական ատյանները:

«2011 թվականի հունվարի 1-ից հանրային կազմակերպությունները պարտավոր էին պետական գնումների աջակցման կենտրոնին տրամադրել տարեկան իրենց գնումների վերաբերյալ հաշվետվություն: Ատոմակայանը երբևիցե, լինելով պետական փակ բաժնետիրական կազմակերպություն, հաշվետվությունները, որպես հանրային կազմակերպություն, չի ներկայացրել: Եվ այստեղ մենք գործ ունենք ինչպես Ֆինանսների նախարարության, այնպես էլ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ոչ պատշաճ վերահսկողության հետ», - ասաց փորձագետը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից «Ազատությանը» խոստացան արձագանքել ավելի ուշ:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին:

Ըստ Մանուկյանի, չի բացառվում նաև, որ ատոմակայանում հափշտակված գումարները որպես ծախս ներառվել են էլեկտրաէներգիայի սակագնում:

«Հնարավոր է, որ սակագնի բարձրացման մեջ օրինակ նույն ներդրումային ծախսերի կոմպոնենտում, որը մոնիտորինգը որոշ դեպքերում բացահայտում է, որոշ դեպքերում չի բացահայտում, երբ որ մենք թանկ ենք առնում մի բանը և դա համարվում է ընդունելի ծախսային ուղղություն, ավտոմատ դրա համար վճարում են սպառողները», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG