Մատչելիության հղումներ

Տպավորություն էր, որ ոստիկանությունը շատ զարմացած է ամեն ինչից․ Հովհաննես Իգիթյանը՝ Նիսից


Ֆրանսիա - Նիսի բուլվարում բեռնատարի անցած ճանապարհը քարտեզի վրա

Ֆրանսիա - Նիսի բուլվարում բեռնատարի անցած ճանապարհը քարտեզի վրա

Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատում է, որ Նիսում անցած գիշեր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա: Զոհված կնոջ անունը, էթիկական նկատառումներից ելնելով՝ նախարարությունը չի հրապարակում: Բազմաթիվ վիրավորնների թվում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին դեռևս պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում:

Ֆրանսիայի հարավում գտնվող ծովափնյա քաղաքում անցած գիշեր տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ դեպքի վայրում է եղել նաև Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Վերջինս «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմեց՝ տպավորությունն այնպիսին էր, որ ոստիկանները զարմացած են տեղի ունեցածից:

«Գիտեք, որ հուլիսի 14-ն էր՝ Բաստիլի օրը, ազգային տոն էր, և ամբողջ ժողովուրդը ծովեզերքին հավաքված էր՝ նայելու այդ բոլոր իրադարձությունները: Ես էլ էի իրենց հետ միասին, բայց քանի որ մինչև վերջ չմնացի, գնացի, հետո նորից, իհարկե, ձայներից վերադարձա․․․

Ինչ կարելի է ասել․ դա, իհարկե, տեռորիստական ակտ էր՝ մեծ բեռնատար մեքենան մարդկանց վրայով անցել է, ահագին մարդ է զոհվել՝ 80-ից ավել: Ոստիկանները կրակել են այդ բեռնատար մեքենայի ուղղությամբ, և վարորդին, և նաև վարորդն էլ է կրակել, և վարորդի մոտ եղել է զենք, և նաև հայտնել են, որ եղել է նռնակ և այլն իր մոտ, որը ինքը չի հարցրել կիրառել, իրեն անմիջապես ոչնչացրել են:

Զոհված մարդկանց թիվը 80-ից անցնում է, և շատ վիրավորներ կան․ ուղղաթիռներով գալիս էին, իջնում էին տրոտուարի վրա, մարդկանց տանում էին, երկար ժամանակ՝ մոտ երկու-երեք ժամ դա կատարվում էր:

Իհարկե լարված է իրավիճակը, իշխանությունները սպասում էին, իհարկե, ինչ-որ բաներ՝ կապված ֆուտբոլի այդ խաղարկությունների ժամանակ, մասսայական տեղերը, իհարկե, վերահսկում էին, բայց հիմա ոնց որ թե մի քիչ թուլացել էին, չէին սպասում, ինձ թվում է, որովհետև ոստիկանությունը, էդպիսի տպավորություն էր, որ շատ զարմացած էր ամեն ինչից և մի քիչ ուշ սկսեց հետևել: Փաստորեն՝ մի երկու կիլոմետր անցել է այդ մեքենան՝ մարդկանց աջ ու ձախ վիրավորելով, սպանելով․․․»:

«Իսկ Դուք զրուցե՞լ եք տեղաբնակների հետ, ի՞նչ են ասում, սպասո՞ւմ էին, որ ահաբեկչությունը կհասնի նաև այդ ծովափնյա կուրորտային հանգիստ քաղաքներից մեկը», - այս հարցին Իգիթյանը արձագանքեց․ - «Մարդիկ փնտրում էին իրենց ծանոթներին, որովհետև շատ-շատ մարդիկ կային այդ պահին, և մարդիկ զանգում էին և փորձում էին ընտանիքի անդամներին գտնել, և, իհարկե, դժգոհությունը կար ոստիկանության նկատմամբ, որ ինչու չեն փակել ճանապարհը, ինչպես կարողացավ այդ բեռնատար մեքենան անցնել էդպես դուրս գալ այնտեղ: Ընտրել են երևի պահը, հրավառության վերջն էր արդեն, և երբ որ բոլոր մարդիկ այդ լողափում նստած լցվել էին ճանապարհին, որ գնան տուն և քայլեն, էս պահին էր մեքենան մտել, երբ արդեն շատ մարդիկ կային, շատ-շատ: Եվ տուժածներից հիմնականում այն մարդիկ են, որոնք չեն կարողացել խուսափել արագ ձևով, և երեխաներ կան, և կանայք․․․»:

Հարցին էլ՝ «ինչպիսի՞ն է հիմա քաղաքում իրավիճակը, և նոր ահաբեկչության հնարավորության մասին խոսք կա՞», Հովհաննես Իգիթյանը պատասխանեց․ - «Հայտարարված է համար մեկ ապահովության կարգավիճակ, ճանապարհը, որտեղ դա կատարվել է, դա Նիցայի ծովեզերքն է՝ Պրոմենադ դեզ Անգլեն, փակ է, երևում է, որ ոստիկանները ինչ-որ բաներ են հավաքում, կտորներ: Սպասում էին, որ կարող է հենց բեռնատար մեքենան պայթել, երկար ժամանակ մոտ չէին գալիս էդ մեքենային՝ մտածելով, որ կարող է մեջը նաև ռումբ լինի, բայց իրականում միայն ոնց որ թե այդ վարորդի մոտ է եղել: Հիմա ես արդեն օդանավակայանում եմ, և այստեղ էլ է զգացվում, իհարկե, լարվածությունը, բոլորը լարված և կրկնակի ձևով ստուգում են և այլն»:

Նիսում բնակվող մեր հայրենակիցներից մեկն էլ՝ Վահիկ Սահակյանը, ում պատկանող ռեստորանը դեպքի վայրից մոտ 50 մետր հեռավարության վրա է գտնվում, «Ազատությաւնը» հեռախոսով պատմեց, թե ինչպես է մարդկային բազմությունը «անսպասելիորեն» վազել իրենց ռեստորանի ուղղությամբ:

«Մարդիկ նստած ընթրում էին, հետո պանիկա սկսվեց, մեկ էլ տեսանք՝ մոտ 300 հոգի ալիքի պես, էսպես, սեղանների վրայով, ով ոնց կարողանում, փախնում էր: Չհասկացանք ինչ է կատարվում: Ես արագ հաճախորդներին ներս մտցրեցի և դռները փակեցի, որ ավելի ապահով լինեն»,- պատմեց Վահիկ Սահակյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ մարդկությանը: Սա նաև ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»- իր հեռագրում նշել է Սերժ Սարգսյանը, ընգծելով՝ «Վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»:

Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև Հայաստանում Եվրամիության պտվիրակությունը: «Հայտնում ենք մեր համերաշխությունը ֆրանսիայի ժողովրդին և ցավակցում ենք բոլոր զոհվածների ընտանիքներին: Ցավալի է, որ Ֆրանսիայի Ազգային օրվա տոնը Նիսում ողբերգության է վերածվել»,- ասված է ԵՄ պատվիրակության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:


XS
SM
MD
LG