Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցը կքննարկվի Մոսկվայում՝ Քերրիի, և Բաքվում՝ Չավուշօղլուի մասնակցությամբ


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանում է Մոսկվա, 14-ը հուլիսի, 2016թ․
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանում է Մոսկվա, 14-ը հուլիսի, 2016թ․

Ուրբաթ օրը Թուրքիայի արտգործնախարարը՝ Բաքվում, Միացյալ Նահանգների պետքարտուղարն էլ՝ Մոսկվայում, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախօրեին տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ նախարար Մևլութ Չավուշօղլուն աշխատանքային այցով հուլիսի 14-15-ը կլինի Բաքվում, որտեղ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բաքվում Չավուշօղլուին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Թուրքիայի արտգործնախարարը, հիշեցնենք, նախորդ անգամ Ադրբեջանում էր ապրիլի վերջերին՝ քառօրյա պատերազմից մի քանի շաբաթ անց, Բաքվի գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով: Ելույթ ունենալով այդ համաժողովում՝ Չավուշօղլուն հայտարարում էր, թե եղբայրական Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը, ըստ նրա, պետք է լուծվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Շարունակելով ղարաբաղյան հակամարտության թեման՝ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը այդ ժամանակ պնդում էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եթե ցանկանան, հակամարտությունը կարող է խաղաղ լուծում ստանալ մոտ ապագայում, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ «Հայաստանը չի ցանկանում լուծում»:

Թե որն էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան այցից հետո Չավուշօղլուի Բաքու շտապելու պատճառը՝ հայտնի կդառնա առաջիկա ժամերին:

Մինչ այդ, երեկ երեկոյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Մոսկվա, ինչպես պաշտոնական հաղորդագրություններում է նշված՝ Ռուսաստանի իշխանությունների հետ Սիրիայի, Ուկրաինայի հարցերի շարքում նաև ղարաբաղյան խնդիրը քննարկելու նպատակով:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման նախաձեռնությունը ստանձնած պաշտոնական Մոսկվան երեկ փորձեց փարատել կասկածները, վստահեցնելով՝ անակնկալներ չեն լինի:

«Վախենալ պետք է բանակցային գործընթացի խափանումից», - հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շարունակելով, որ թեև ղարաբաղյան հարցով Ռուսաստանի մասնակցությամբ նոր հանդիպումներ պլանավորված չեն, սակայն հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են շատ ինտենսիվորեն:

«Կարգավորման հարցով աշխատանք է տարվում ոչ միայն ուղղակի շփումների միջոցով, այլ նաև հեռախոսով: Աշխատանքն ընթանում է, և այն ընթանում է շատ ինտենսիվորեն», - ընդգծում էր Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG