Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնակատարը հուսով է, որ Վրաստանի հետ ոչ-վիզային ռեժիմ կհաստատվի հոկտեմբերին


Վրաստան - ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ելույթ է ունենում «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովում, Բաթումի, 14-ը հուլիսի, 2016թ․

Վրաստան - ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ելույթ է ունենում «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովում, Բաթումի, 14-ը հուլիսի, 2016թ․

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հույս է հայտնել, որ այս տարվա հոկտեմբերին Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ կհաստատվի: Նա այդ մասին խոսել է Բաթումի քաղաքում, որտեղ հինգշաբթի օրը մասնակցել է «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին:

«Վիզային ռեժիմի ազատականացման համար Վրաստանը կատարել է բոլոր պահանջները, ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ Վրաստանի քաղաքացիները կարող են Եվրոպա մեկնել առանց վիզայի: Հույս ունեմ, որ այդ գործընթացը կավարտվի այս տարվա հոկտեմբերին», - հայտարարել է Հանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

Եվրամիության հանձնակատարը նաև նշել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը ազդեցություն չի թողնի գործընկեր երկրների հետ ԵՄ քաղաքականության վրա: «Մեր հարաբերություններում որևէ փոփոխություն չի լինի», - հայտարարել է նա:

Համաժողովում ելույթ է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Վրաստանը Եվրոպա է, և վրաց ժողովուրդը ավելին կանի Եվրամիության անդամ դառնալու համար», - հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նա ասել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը բարեփոխումների ուղեցույց է Վրաստանի համար: «Մենք արդեն արմատական բարեփոխումների ենք ենթարկել իրավական և ընտրական համակարգերը: Կատարել ենք վիզային ռեժիմի ազատականացման բոլոր պահանջները, ինչը հաստատել են Եվրահանձնաժողովն ու Եվրախորհրդարանը», - նշել է Կվիրիկաշվիլին՝ հավաստիացնելով, որ Վրաստանի եվրոպական ձգտումները նոր գլխացավանք չեն լինի Եվրոպայի համար:

XS
SM
MD
LG