Մատչելիության հղումներ

Հետաքննող լրագրող․ «Ինչ-որ բեկումնային բան է նախապատրաստվում»


Էդիկ Բաղդասարյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 14-ը հուլիսի, 2016 թ․
Էդիկ Բաղդասարյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 14-ը հուլիսի, 2016 թ․

Հետաքննող լրագրող, «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին ու նաև հաջորդած ժամանակաշրջանում գտնվել է Լեռնային Ղարաբաղում ու հենց տեղում հետևել իրադարձությունների ընթացքին, պատասխանում է «Ազատության» հարցերին:

«Ազատություն». - Ունե՞ք այնպիսի զգացողություն, որ կարծես թե իսկապես փորձ է արվում հասարակությանը նախապատրաստել հնարավոր տարածքային զիջումներին: Հիշեցնեմ, որ վերջերս Լեռնային Ղարաբաղում սոցհարցումներ են անցկացվել, և հարցերից մեկն էլ վերաբերել է տարածքների հանձնման հնարավորությանը: Արդյո՞ք այս ամենը պատահականություն է, թե՞ իսկապես ինչ-որ գործընթաց է նախապատրաստվում:

Էդիկ Բաղդասարյան. - Չեմ կարծում, որ պատահականություն է: Այդքան պատահականություններ չեն կարող լինել իրար հետևից: Կարծում եմ՝ ինչ-որ բեկումնային բան են ուզում անել թե՛ միջնորդները, թե՛ Ադրբեջանը ու հատկապես Պուտինը, որը շատ ակտիվ է: Կարծում եմ, որ նախաձեռնությունն իրականում իր ձեռքում է, ինչքան էլ Մինսկի խմբի մյուս անդամները ինչ-որ հայտարարություններ անեն: Հիմա հենց Ալիև-Պուտին նախաձեռնության տակ են ընթանալու այդ բանակցությունները, և արդեն կարելի է ենթադրել, թե ինչեր կարող են լինել դրա մեջ: Երկար ժամանակ է Ռուսաստանն Ադրբեջանին ուզում է ներքաշել ԵՏՄ-ի մեջ և դա չի հաջողվում: Հնարավոր է՝ հիմա ինչ-որ բաների շուրջ կարողացել են պայմանավորվել, դրան երևի համաձայնել է նաև Թուքիան: Ես կարծում եմ, որ իսկապես այս փուլում պետք է դուրս գալ բանակցություններից:

«Ազատություն».- Հաշվի առնելով ոչ հայանպաստ զարգացումնե՞րը:

Էդիկ Բաղդասարյան. - Հավասարակշռությունը խախտված է: Չգիտեմ մյուս երկրներն ինչպես, բայց միջնորդներից մեկը՝ Ռուսաստանը ակնառու կերպով հանդես է գալիս Ադրբեջանի կողմից: Եվ ուղղակի պետք է այս փուլում հրաժարվել բանակցություններից:

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունը պատրա՞ստ է այդօրինակ զիջումների, ինչը, որոշ վերլուծաբանների պնդմամբ, տարածքների հանձնում է՝ ոչնչի դիմաց:

Էդիկ Բաղդասարյան. - Մի բան պարզ է՝ Ադրբեջանի այժմյան իշխանությունների հետ հնարավոր չէ պայմանավորվել որևէ բանի շուրջ, որովհետև համոզված եմ՝ Ալիևի հետ ընդհանրապես հնարավոր չէ պայմանավորվել: Ամբողջ աշխարհը չի կարողանում Ալիևի հետ ինչ-որ բաների շուրջ պայմանավորվել:

«Ազատություն». - Բայց Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարեց, որ կողմերն ավելի, քան երբևէ մոտեցել են հաջողության հեռանկարին:

Էդիկ Բաղդասարյան. - Բայց Լավրովն իր Ռուսաստանի համար է հայտարարում, նա իր երկրի շահերը ներկայացնող մարդ է, մենք ի՞նչ կապ ունենք այն բանի հետ, թե ինչ ասաց Լավրովը: Պետք է հարցնեք՝ Էդվարդ Նալբանդյան, ինչո՞ւ չես պատասխանում Լավրովին: Լավ, ինչքա՞ն կարող եք էդ ձևի մեջ լինել և չփորձել դուրս գալ․․․ չգիտեմ, այս վիճակը նաև մեր դիվանագիտության պատճառով է ստեղծվել: Նախաձեռնություն չկա, Ադրբեջանն անընդհատ տարբեր տեղերում ինչ-որ նախաձեռնություններով է հանդես գալիս, ու Հայաստանը միշտ պատասխանողի դիրքերից է գործում: Ընդամենը սկսում են պաշտպանվել: Սա մեր թուլության, մեր՝ գործոն չլինելու արդյունքն է, երկրի՝ թույլ լինելու արդյունքն է: Բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իրականում հասարակությունը թույլ չի, թուլությունն ուրիշ տեղ պետք է փնտրել, իշխանությունն է թույլ:

«Ազատություն». - Որպես հետաքննող լրագրող, մտադիր չե՞ք ուսումնասիրության առարկա դարձնել որոշ քաղաքական գործիչների, վերլուծաբանների, վերջերս նաև՝ զոհերի հարազատների կողմից արված այն պնդումները, առաջ քաշված վարկածները, թե հնարավոր է, որ ապրիլյան ռազմական գործողությունները երկկողմ պայմանավորվածության արդյունք էին, և նպատակը տարածքների հանձնումն էր:

Էդիկ Բաղդասարյան. - Համաձայն չեմ պնդումներին, թե նման բան հնարավոր է: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է 18 տարեկաններին դնել կշեռքի նժարին ու ասել՝ հիմա քեզ ․․․ չեմ կարծում, չեմ մտածում այդ մասին:

«Ազատություն». - Այդ վարկածների հետ կապված, մասնավորապես, հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ էին զոհված զինծառայողներից շատերը հայտնվել անօգնական վիճակում: Պատմություններ են շրջանառվում այն մասին, որ նրանցից շատերը կռվել են մինչև վերջին փամփուշտը, և հիշյալ հարցադրումը շարունակ հնչում է:

Էդիկ Բաղդասարյան. - Պաշտպանության նախարարությունն ընդհանրապես շատ քիչ բաների մասին է խոսում: Իրականում, այս պատերազմից հետո որևէ պաշտոնյա ժողովրդի հետ չխոսեց, մարդկային լեզվով չբացատրեց՝ ի՞նչ է եղել, երեխաներն ինչպե՞ս են զոհվել: Ի վերջո, դեպքեր են եղել, որոնք իսկապես մեր մեղքի, բանակի թերացումների պատճառով են եղել: Տեղեր են եղել (ես նման մի տեղ գիտեմ), որոնցում զինվորներն իսկապես մինչև վերջին փամփուշտը կռվել են: Բայց մի ուրիշ բան է եղել՝ նրանց փամփուշտ բերող մեքենան տեղ չի հասել, որովհետև դիվերսիոն գործողության զոհ է դարձել, հրետանին ընդհանրապես չի դադարել գործել, նաև անպատրաստ լինելու հանգամանքը կա: Հիմա քննարկվում է հարցը՝ ինչո՞ւ է փամփուշտների քանակն այդքան քիչ չափով սահմանված: Ինչ-որ բաներ հիմա փոփոխում են, նախկինում չէին հաշվարկել, որ մի քանի ժամով զինվորները կարող են կտրված լինել և մարտական գործողություն լինի: Այսինքն՝ ինչ-որ բաներ իրականում հաշվարկված չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG