Մատչելիության հղումներ

logo-print

Խուզարկություններ՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների բնակարաններում


«Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրների հերթական բողոքի ցույցը Երևանում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրների հերթական բողոքի ցույցը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն առայժմ չի պարզաբանել այդ գործողությունները:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր միավորումն ահազանգում է, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեն մարզերում խուզարկություններ է սկսել շարժման համակիրների ու նրանց հարազատների բնակարաններում, ոմանք էլ կանչվել են հարցաքննության։

Շիրակի մարզի Արևաշատ համայնքի բնակիչ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սմբատ Բարսեղյանը, Քննչական կոմիտե ուղևորվելու ճանապարհին, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրավապահները խուզարկությունը պատճառաբանել են ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի հետ առնչություն ունենալու հանգամանքով։ «Սեֆիլյանի գործով քննություն է կատարվում, խուզարկեցին բնակարանը, ոչ մի բան չհայտնաբերեցին, ինչ որ պետք էր: Ժամը 8-ին սկսել են խուզարկությունը, 9 անց կես վերջացրել են, մոտ 20-25 հոգի էին»,- պատմեց Սմբատ Բարսեղյանը:

Քննչական կոմիտեն առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդել այս գործողությունների վերաբերյալ։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ, քննիչները խուզարկություններ են իրականացրել նաև Բյուրավան համայնքի բնակիչ Հովհաննես Հարությունյանի և Հրազդանի բնակիչ Վահե Մանուկյանի տներում: Վերջինիս բնակարանում այդ պահին մարդ չի եղել: «Դուռը ջարդել են, մտել և խուզարկություն են կատարել, տրամաբանությանը դեմ գնացող երևույթներ են տեղի ունենում: Իրենք իրենց ստվերից են վախենում․․․»,- ասաց Ավետիսյանը:

Նրա պնդմամբ, Վահե Մանուկյանը երբևէ առնչություն չի ունեցել «Նոր Հայաստան» շարժման հետ, վերջինս պարզապես նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի որդու ծառայակից ընկերն է և երեկ մասնակցել է ընկերոջ ծննդյան տարեդարձի արարողությանը։ «Խնդիրներից մեկը, որ մշտական է, երիտասարդներին ահաբեկելն է, պայքարից հեռու պահելը: Թերևս ավելի շատ ոչ թե արդեն պայքարի մեջ մտած երիտասարդներին, որոնց մեծ մասը կոփված է և արդեն հասկանում է ինչն ինչոց է, այլև այն երիտասարդներին, որոնք այս հասարակական տրամադրությունների, արմատական և բավական լայնամասշտաբ փոփոխությունների ազդեցությամբ արդեն պատրաստ են մտնել ակտիվ քաղաքական պայքարի մեջ»,- հավելեց Վարուժան Ավետիսյանը:

Վերջինիս խոսքով, երիտասարդությանը ճնշելուց բացի, իրավապահներն ամեն կերպ փորձում են Ժիրայր Սեֆիլյանին դարձնել «հանցավոր խմբի պարագլուխ»։ Ընդդիմադիր գործիչը հիշեցնում է՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված առաջնորդին մինչ այժմ ապօրինի զենք պահելու մեղադրանք է առաջադրվել միայն, մինչդեռ, Սեֆիլյանին ձերբակալելուց հետո Քննչական կոմիտեն շտապեց հայտարարել, թե նա ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով զավթել կապի միջոցներ, շինություններ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը: «Շատ կաղ է իրենց թխած գործը, դրա համար իրենք դրա շրջանակներում փորձում են երիտասարդներին էսպես ահաբեկել»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG