Մատչելիության հղումներ

Մոսկվա կայցելի թուրքական բարձրաստիճան պատվիրակություն


Թուրքիա - «Կրեմլ» հյուրանոցը Անթալիայում
Թուրքիա - «Կրեմլ» հյուրանոցը Անթալիայում

Ռուս-թուրքական հաշտեցումից հետո՝ այսօր, կողմերը առաջին գործնական քայլը կանեն՝ զբոսաշրջության ոլորտում հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Ռուսական կողմի հրավերով Մոսկվա կմեկնի թուրքական բարձրաստիճան պատվիրակություն՝ արտաքին գործերի փոխնախարարի գլխավորությամբ:

Պաշտոնապես հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում կորոշվի վերականգնել չարտերային չվերթները Թուրքիայի և Ռուսաստանի միջև, Մոսկվան արդեն հայտարարել է, թե պատրաստ է դրան, եթե Անկարան անվտանգության երաշխքներ տա ռուսաստանցի զբոսաշրջիկների համար:

«Սա լուրջ խթան կարող է դառնալ Թուրքիայի տնտեսության համար», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները, փաստելով՝ վերլուծական կենտրոններից մեկի հաշվարկներով, ռուս - թուրքական այս մերձեցումը Թուրքիայի տնտեսությանը մոտավորապես 10 միլիարդ դոլարի օգուտ կբերի առաջիկա երկու տարիների ընթացքում:

Ata Investment ընկերության այս ամիս հրապարակած զեկույցը նշում է՝ ռուսական պատժամիջոցների արդյունքում այս տարվա առաջին չորսը ամիսների ընթացքում թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան կրճատվել էր ավելի քան 60 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Անհամեմատ ավելի մեծ էր անկումը զբոսաշրջության ոլորտում: Եթե մինչև հարաբերությունների վատթարացումը Թուրքիան տարեկան հյուրընկալում էր մոտ 3 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկների, ապա այս տարի այդ ցուցանիշը կրճատվել էր մոտ 92 տոկոսով՝ հասնելով 40 հազարի:

Ընդ որում, Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, այսօրվա բանակցությունների ընթացքում քննարկվելու են ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնումն ու զբոսաշրջության զարգացումը, այլև իրավիճակը Կովկասում:

Այս շաբաթ ավելի վաղ Բաքու կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր՝ «հույս ունենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը դրական կազդի տարածաշրջանի, հատկապես՝ Սիրիայի հարցում Մոսկվայի և Անկարայի միջև առկա տարաձայնությունների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG