Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը այցելում է Վրաստան


Վրաստան - ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը Թբիլիսիում, 26-ը նոյեմբերի, 2016թ․

Վրաստան - ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը Թբիլիսիում, 26-ը նոյեմբերի, 2016թ․

Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցը Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի` այսօր մեկնարկող այցի առանցքային թեման է լինելու: Այս մասին են հաղորդում վրացական լրատվամիջոցները` նշելով նաև, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ բանակցություններից բացի, Հանը կմեկնի նաև Բաթումի, որտեղ մասնակցելու է «Վրաստանի եվրոպական ուղին» խորագրի ներքո կազմակերպված միջազգային համաժողովին:

«Համաժողովի ընթացքում մի շարք թեմաներ են քննարկվելու` Վրաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի դրույթների կյանքի կոչումից մինչև Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունը լքելու գործընթացն ու դրա ազդեցությունը ողջ եվրոպական համակարգի վրա: Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա այդ հարցը սեպտեմբերի 5-ին քվեարկության է դրվելու Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովում: Այդ քվեարկությունից մենք շատ դրական սպասելիքներ ունենք», - չորեքշաբթի օրը Թբիլիսիում հայտարարում էր Վրաստանի եվրաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն:

«Վրաստանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը պետք է շուտափույթ լուծում գտնի»․ - այս տեսակետին են հակված նաև հուլիսի 1-ին Եվրամիության նախագահությունը ստանձնած Սլովակիայի ղեկավարները:

«Վրաստանի պարագայում մենք չպետք է անտեսենք նաև այդ երկրի քաղաքական օրացույցը և այն հանգամանքը, որ Վրաստանում հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ են կայանալու: Այնպես որ, շատ ավելի լավ կլիներ, եթե Վրաստանին ազատ վիզային ռեժիմը տրամադրվեր մինչև ընտրությունները: Սլովակիան ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ թե՛ Եվրամիության անդամ մյուս պետությունների և թե՛ մեր վրաց գործընկերների հետ: Մեր ցանկությունն է, որպեսզի այս ողջ գործընթացն ավարտվի մինչև Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները», - հայտարարում էր Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Բրյուսելում կազմակերպված լսումների ժամանակ:

XS
SM
MD
LG