Մատչելիության հղումներ

Շուրջ 2000 բնակիչ ունեցող Աղավնաձորում եկամտի հիմնական աղբյուրն «Արենի» տեսակի խաղողն է, և գյուղացիներն այժմ հուսահատության եզրին են:

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործներն արդեն 9 ամիս է չեն ստացել մթերված խաղողի գումարը։ Պռոշյանի գործարանը պարտքի մի մասն է միայն վճարել, «Վեդի Ալկո» ընկերությունից էլ գյուղացիներին պատասխանել են, թե վարկերը մարելու հնարավորություն չունեն ու չգիտեն՝ շուրջ 130 միլիոն դրամի պարտքը երբ կկարողանան վճարել։

Աղավնաձորցիները «Ազատության» հետ զրույցում ասացին, որ այլևս ոչ մի խոստման չեն հավատում։ «Ամենաահավոր վիճակի մեջ ենք մենք, մարզպետ էլ եմ դիմել, գյուղնախարարություն էլ եմ դիմել, վարչապետին էլ եմ ասել, բոլորն էլ ասում են՝ կտան, չեն ասում, որ չի լինի: Մեկ-երկու շաբաթ, հետո շաբաթը դառնում ա ամիսներ ու տենց ձգձգվում ա։ Մեր գյուղում խեղճ են հա, էն Քաղցրաշենի նման չեն, որ դուրս գան ասեն՝ ինչ ա, ոնց ա, ու տենց մենք մնացել ենք»,- բողոքում է խաղողագործներից մեկը:

Մեկ ուրիշն էլ սպառնում է՝ «էս տարի մենք որոշել ենք՝ եթե մինչև ամսվա վերջ փողը չտվեց, գնանք իրա [«Վեդի Ալկո» ընկերության] այգի, ամեն մեկս մեր տված խաղողի դիմաց, ասենք՝ 13 տոննա տվել ենք, 13 տոննա էլ էնտեղից հավաքենք, բերենք ու թափենք, որ ինքը զգա՝ ինչ ա կատարվում»:

Շուրջ 2000 բնակիչ ունեցող Աղավնաձորում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրն «Արենի» տեսակի խաղողն է։ Գյուղացիները հիշեցնում են՝ մի քանի անգամ նույնիսկ ստիպված են եղել միջպետական ճանապարհ փակել՝ նախ խաղողը մթերելու, ապա դրա դիմաց գումար ստանալու համար: Այգիները մշակելու համար վարկ են վերցրել ու արդեն դատական քաշքշուկների մեջ են, ասում է աղավնաձորցի Հայկազ Ասատրյանը: «Բերել են մի նամակ են տվել, որ 250 հազար թե ինչքան մենք պետք է տույժ տանք: Ախր ինչի՞, ո՞ր մեղքիս համար, ահավոր վիճակ ա, ոչ թե միայն ես եմ, այլ ամբողջ գյուղն ա»,- շարունակում է Ասատրյանը:

Աղավնաձորցիներն ասում են, որ անօգնական վիճակում են հայտնվել և այժմ ստիպված նորից պարտքեր են վերցնում՝ գյուղատնտեսական աշխատանքները շարունակելու համար։ Նրանցից շատերն էլ արդեն արտագնա աշխատանքի են մեկնել։ «Երեկ սրսկել եմ, էսօր ընգել եմ քոլերն եմ կապում, խոտն ենք մաքրում, ոնց արել ենք ամեն տարի, գյուղացու ասած՝ յա էշը կսատկի, յա էշատերը»,- ասում է գյուղացիներից մեկն ու շարունակում՝ «Մի քանի տարի առաջ գյուղը դեռ ապրում էր էլի, խաղողով ապրում էր, բայց հիմա հիասթափված՝ գյուղի մարդկանց կեսը գնացել է: Ախր, նորից եմ ասում՝ հեռուստացույցով որ լսում ենք, որ մի ընտանիքի օգնություն են ցույց տվել, ուրախանում ենք: Բայց կայունացած ընտանիքը քայքայում են իրանց ստի պատճառով, ստի վրա երկիր չեն կառուցում»:

Խաղողագործներն ասում են, որ նույնիսկ դատարան չեն կարող դիմել, քանի որ մթերող ընկերության հետ պայմանագրեր չեն կնքել։ Մտավախություն ունեն, որ այս տարի ևս նույն վիճակում կհայտնվեն, որովհետև մինչ օրս գինի և կոնյակ արտադրող միայն մի ընկերություն է եկել ու խոստացել 200 տոննա խաղող գնել: Մինչդեռ, Վայոց ձորի մարզի այս գյուղում տարեկան շուրջ 2000 տոննա խաղող է արտադրվում։

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ շարունակում են աշխատել մթերող ընկերությունների հետ, որպեսզի այս տարի էլ խնդիրներ չառաջանան։ Գործարաններում, սակայն, տակառները դեռ լիքն են, ասում է նա: «Բոլոր վերամշակողների հետ աշխատում ենք, որպեսզի կնքեն պայմանագրեր, հիմա նախնական կանխատեսումներ ինչքան անում են, կնքում են: Բայց ընթացքում էդ պայմանագրերի թիվը կավելանա։ Այսինքն, իրենք հիմա մինիմալ քանակով սկսում են կնքել, բայց պարզ ա, որ սկսեն մթերել, ընթացքում կավելացնեն պայմանագրերի թիվը։ Նաև վաճառքի հետ կապված ահագին ժամանակ կա, որպեսզի էդ տարաները դատարկեն, պատրաստ պիտի լինեն: Էլի նորմալ բերք ա սպասվում, մենք պետք ա պատրաստվենք, անընդհատ աշխատում ենք վերամշակողների հետ, որ խնդիրներ չլինեն»,- ասաց փոխնախարարը:

Վերջինիս խոսքով, կառավարությունը փորձում է աջակցել ծանր վիճակում հայտնված ընկերություններին՝ «Պռոշյանի գործարանին մի փոքր գումար ա մնացել, մի 10 օրվա մեջ կվերջացնի, իսկ «Վեդի Ալկո»-ն ֆինանսական խնդիրներ ունի, հիմա, էդ ֆինանսական միջոցների հետ կապված, քայլեր ա ձեռնարկում, բայց չեմ կարող ժամկետ նշել՝ երբ կստացվի։ Գրավի խնդիր ունի, թե չէ պետական մատչելի վարկեր տրամադրելու մասով պատրաստակամություն կա»: «Վեդի Ալկո»-ի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց:

XS
SM
MD
LG