Մատչելիության հղումներ

Աշոտյան․ ԼՂ ժողովրդի կամարտահայտությունը վտանգող փաստաթուղթ չկա


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, 13-ը հուլիսի, 2016թ․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, 13-ը հուլիսի, 2016թ․

Ըստ ՀՀԿ փոխնախագահի, ընթացիկ քաղաքական հայտարարությունների կենսունակությունը «կերևա փարիզյան հանդիպման ժամանակ»:

«Չկա այնպիսի մի փաստաթուղթ, որը հերքում կամ հարցականի տակ է դնում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը»: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշտոյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք վերլուծաբանների պնդումները, թե այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը չի բխում հայկական կողմի շահերից և ավելի վատն է, քան նախորդները:

Աշոտյանի խոսքով, Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ այսօր էլ՝ Սերժ Սարգսյանը, գնացել են բանակցությունների ճանապարհով, իսկ բանակցությունները ենթադրում են, որ ինչ-որ բան պետք է զիջես՝ չանցնելով, իհարկե, «կարմիր գիծը»:

«Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները հատկապես, ղարաբաղյան հարցում չեն կարող և չեն գնալու այնպիսի զիջումների, որոնք հարցականի տակ կդնեն ԼՂՀ պետության գոյությունը: Չկա այնպիսի փաստաթուղթ, որը հերքում է կամ հարցականի տակ է դնում ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության իրավունքը, պլբեսցիտը, ռեֆերենդումը, ինչպես ուզում եք կոչեք, և ԼՂՀ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը: Մադրիդյան հայտնի երեք սկզբունքների մեջ ինքնորոշման իրավունքի ճանաչումն է դրված, որը Հայաստանի համար այն սրբության սրբոցն է, որը, բնականաբար, պայմանավորելու է հայկական կողմի բանակցային դիրքերը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, որը պայմանականորեն կարելի է անվանել «ռուսական պլան» կամ «Լավրովի պլան», շատ ավելի վատն է, քան Մադրիդյան և Կազանյան կոչված փաստաթղթերը, քանի որ նոր փաստաթղթում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հարցը մղվել է հետին պլան:

«Լեռնային Ղարաբաղին առաջարկում են միջանկյալ կարգավիճակ, որը հնարավոր է՝ շատ մոտ է անկախության կարգավիճակին, բայց ցածր է անկախությունից: Բայց, իհարկե, շատ ավելի վերև է, քան ինքնավարությունը: Եվ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղին առաջարկում են, որ իր ուժերը դուրս բերի առնվազն հինգ շրջաններից: Ինչո՞վ է վատ, օրինակ, մադրիդյան փաստաթղթից․ մադրիդյան փաստաթղթի առաջին կետում հստակ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվում է նրա բնակչության կամարտահայտության՝ պլեբեսցիտի միջոցով: Ահա այստեղ է տեղի ունեցել փոփոխություն: Այսինքն՝ հանրաքվեի հարցը, պլեբեսցիտի հարցը կամ կամարտահայտության հարցը, ինչ բառ ուզում եք օգտագործեք, մղվել է հետին պլան»,- իր պնդումն այսպես է հիմնավորում վերլուծաբանը:

Իշխող Հանրապետականի փոխնախագահը հակադարձում է՝ այսօր քննարկվող փաստաթուղթը որևէ վերլուծաբան չի տեսել, այնպես որ՝ խոսքն ընդամենը արտահոսքերի կամ կեղծ արտահոսքերի հիման վրա կատարված վերլուծությունների մասին է: Աշոտյանը խորհուրդ է տալիս նման վերլուծությունների մեջ «ակնհայտ ներքաղաքական շահ» տեսնել:

Մինչդեռ, նկատենք՝ երեկ, երբ Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները խիստ լավատեսական հայտարարություններ էին անում (Սերգեյ Լավրովը, մասնավորապես, նշում էր, թե կողմերը երբևէ այդքան մոտ չեն եղել հաջողությանը, Մամեդյարովն էլ խոսում էր դրական լիցքերի մասին), Հայաստանի փոխարտգործնախարարը բավականաչափ հոռետեսական շեշտադրումներով մի հարցազրույց տվեց, որում ընդգծեց՝ «Բաքուն կորցնում է միջնորդների կողմից իրեն ընձեռված նոր հնարավորությունը»:

Նկատի առնելով վերը նշվածը, իշխող Հանրապետականի փոխնախագահին հետևյալ հարցն ուղղեցինք՝ արդյո՞ք միմյանց հակասող այս հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ այսօր սեղանին դրված փաստաթուղթն իսկապես չի բխում հայկական կողմի շահերից և, ինչպես պնդում են վերլուծաբանները, հենց այդ պատճառով էլ Երևանն այժմ փորձում է տապալել ներկայիս ոչ հայանպաստ գործընթացը:

«Աստված տա, որ Լավրովի խոսքերը համապատասխանեն իրականությանը: Սակայն, այդ դեպքում եկեք ուրիշ շերտ բացենք՝ եթե փաստաթուղթն ավելի շատ վնաս է Հայաստանին և օգուտ է Ադրբեջանին, ինչու՞ է Ադրբեջանը երկար ժամանակ տապալել, խուսափել բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններից»,- հարց տվեց Աշոտյանը:

Դիտարկմանը, թե այժմ Ադրբեջանում և Մոսկվայում բավական ուրախ են, իսկ Հայաստանում վատատես, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց՝ «Կարծում եմ Հայաստանում վատատեսություն չկա, հակասությունը հետևյալն է՝ եթե այդ փաստաթուղթն ավելի վնաս է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ու ավելի օգուտ է Ադրբեջանին, ինչու՞ Ադրբեջանը, այս պահի դրությամբ, երբևէ չի բարձրաձայնել, որ ընդունում է այն ձևաչափը, որ գոյություն ունի: Ինչու՞ է անում հայտարարություններ, որոնք մերժում են Լեռնային Ղարաբաղի՝ ինքնուրույն պետություն դառնալու հեռանկարն իր տեսակետից: Ես կարծում եմ՝ այն, թե ընթացիկ քաղաքական հայտարարությունները որքանով են մարմնավորվելու որոշումների մեջ, մենք կարող ենք տեսնել, օրինակ, գալիք փարիզյան հանդիպման ժամանակ, որը հաստատվեց: Կարծում եմ՝ ադրբեջանական իշխանությունների հրապարակային ելույթները վատ խաղը լավով քողարկելու միտում ունեն»:

XS
SM
MD
LG