Մատչելիության հղումներ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճ է նկատվում։ Ադրբեջանի զինված ուժերը այսօր առավոտից Ղարաբաղի հետ սահմանին ավիացիոն ուժեր են կուտակում։

Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում է, որ առավոտյան 08.26-ից առաջնագծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի օդուժը սկսել է ուսումնամարզական թռիչքներ իրականացնել։ Ժամը 11.00-ի դրությամբ թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ։ Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին: Այս պահի դրությամբ թռիչքները իրականացվում են շփման գծից 30 կիլոմետր խորության վրա։

Պաշտոնական Ստեփանակերտում Ադրբեջանի գործողությունները սադրանք են համարում: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով, թռիչքները կարող են պլանային լինել, բայց լարվածության մեծացման և պատերազմի վտանգ միշտ էլ կա:

«Ադրբեջանը իր ապակառուցողական քաղաքականությունից զերծ չի մնում», - կարծիք հայտնեց Բաբայանը, - «Հիմա խոսում են, որ պետք է ստատուս քվոյի փոփոխություն տեղի ունենա, բոլորը կարևորում են դա: Նման երևույթները, այդ թվում՝ նաև այսպիսի պրովոկացիաները, զինադադարի ռեժիմի խախտումները, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը ապակառուցողական լինելուց բացի չի փոխում իր տեսլականը»:

Մոտ մեկ ու կես ամիս տևած դադարից հետո ադրբեջանական զինուժը կրկին սկսել է ականանետերից կրակել։ Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ գիշերը ժամը 02.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան՝ Սեյսուլանի ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկի վրա հակառակորդը 60 մմ-ոց ականանետից արձակել է երկու արկ: Հասրաթյանը շեշտում է, որ ապրիլյան սրացումներից հետո ադրբեջանական կողմը վերջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել մայիսի 29-ին:

Գիշերն ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմը 26 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ ՊԲ տվյալներով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց։ Ղարաբաղի զինված ուժերը վստահեցնում են, որ հետևում են հակառակորդի գործողություններին։

Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար, քաղաքագետ Մասիս Մայիլյանը կարծում է, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո հնարավոր է՝ նորից գնա նմանատիպ գործողությունների։ Այսօրվա լարվածության աճը, նրա կարծիքով, ապացուցում է, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժային քաղաքականությունից։

«Իրենք փորձում են լարվածությունը ավելացնելով առաջնագծում ինչ-որ զիջումներ կորզեն հայկական կողմերից և հենց դրա մասն են խոսում այդ վերջին զարգացումները», - նշեց քաղաքագետը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

XS
SM
MD
LG