Մատչելիության հղումներ

Ազգությամբ հույն ծովակալը` ԱՄՆ փոխնախագահի հավանական թեկնածու


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին, Երևան, 19-ը նոյեմբերի, 2015թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին, Երևան, 19-ը նոյեմբերի, 2015թ․

The New York Times-ի տեղեկություններով, մեծ է հավանականությունը, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ միասին՝ փոխնախագահի պաշտոնի համար պայքարի ամերիկացի ամենահայտնի և հարգված զինվորականներից մեկը` պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը: Այժմ պաշտոնաթող ծովակալը Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցի ղեկավարն է:

Շուրջ 30 տարի բանակում ծառայած, ԱՄՆ հարավային հրամանատարությունն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերը ղեկավարած Ստավրիդիսի նախնիներն, ի դեպ, Պոնտոսի հույներ են: Ստավրիդիսը փորձառու զինվորական լինելուց բացի նաև միջազգային հարաբերությունների ասպարեզում գործող ամենահեղինակավոր ամերիկացի փորձագետներից մեկն է, որի վերլուծությունների հիմնական թեմաներն են Մերձավոր Արևելքն ու հետխորհրդային տարածքը` մասնավորաբար Հարավային Կովկասը:

Դեմոկրատ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն, ի դեպ, քաջածանոթ է նաև հայաստանյան իրողություններին: Անցած տարվա նոյեմբերին Ստավրիդիսը այցելել էր Երևան, հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Այցի կազմակերպիչը Միացյալ Նահանգներում գործող «Ասո Թավիթյան» հիմնադրամն էր, որի միջոցներով 90-ականների վերջից Հայաստանի ավելի քան 250 քաղաքացիներ` այդ թվում արտաքին գործերի նախարարության տասնյակ աշխատակիցներ, ուսանել են Ստավրիդիսի ղեկավարած Ֆլեթչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցում: «Ասո Թավիթյան» հիմնադրամն այդ կրթաթոշակների վրա շուրջ 15 միլիոն դոլար է ծախսել: Ֆլեթչերի դպրոցի` ավելի վաղ ժամանակահատվածի շրջանավարտներն են նաև անկախ Հայաստանի արտգործնախարարներից երկուսը` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը:

Դատելով Ստավրիդիսի Twitter-ի էջից` նա իր երևանյան այցից բավական տպավորված էր: Իր էջում, սակայն, ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատարը գերադասել էր խախտել ավանդույթը` Երևանից լուսանկարելով ոչ թե Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը, այլ Արագածը: Բացի այդ, Ստավրիդիսը հիացական գրառում էր կատարել հայաստանյան եկեղեցիների և խաչքարների մասին: Կես տարվա ընթացքում երկրորդ անգամ ծովակալ Ստավրիդիսն ու Սերժ Սարգսյանը հանդիպել էին արդեն ապրիլյան պատերազմից երեք օր առաջ` մարտի 30-ին, Հայաստանի ղեկավարի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ:

Ինչ վերաբերում է պաշտոնաթող ծովակալի և ԱՄՆ հավանական փոխնախագահի քաղաքական հայացքներին, ապա պետք է նշել, որ Ստավրիդիսը կողմ է ՆԱՏՕ-ի հարաբերությունների սերտացմանը հետխորհրդային տարածքի պետությունների հետ: Օրերս Foreign Policy հանդեսում հրապարակած հոդվածում, օրինակ, Ստավրիդիսը անդրադարձել է Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներին: «Այս երկու պետություններին կարելի է Վարշավայում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի անհաջողակներ համարել: Երկու պետություններն էլ ձգտում են անդամակցել դաշինքին, երկուսի տարածքի մի զգալի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից: Մոսկվայի հետ այս հակամարտության պատճառով է, սակայն, որ Վրաստանի և Ուկրաինայի լիարժեք անդամակցության հեռանկարները մշուշոտ են: Վարշավայի համաժողովն այդպես էլ չկարողացավ Վրաստանին և Ուկրաինային որևէ հուսադրող առաջարկ անել», - գրում է Ստավրիդիսը:

Պաշտոնաթող ծովակալը քաջածանոթ է նաև Թուրքիայում ստեղծված կացությանը: Իր հոդվածներում նա շարունակաբար պնդում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում թուրք - սիրիական սահմանի արգելափակումը կենսական նշանակություն ունի: Ի դեպ, ռուս - թուրքական հարաբերությունների սրման ամենաթեժ պահին ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատարը հստակորեն հայտարարում է, որ Անկարայի դեմ ռուսական հարձակման դեպքում դաշինքի անդամ պետությունները պարտավոր են լինելու աջակցություն ցուցաբերել:

«Մենք բացարձակ պարտավորություն ունենք` պաշտպանել Թուրքիային, եթե այն դառնա Ռուսաստանի հարձակման թիրախ: Դա անհավանական է, սակայն դա մեր պարտավորությունն է», - նշում էր Ստավրիդիսը 2015-ին նոյեմբերին՝ Fox News հեռուստաընկերության եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG