Մատչելիության հղումներ

Բարսելոնայի ռեստորանի հայազգի սեփականատերը՝ փողերի լվացման գործում


Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ, արխիվ
Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Իսպանիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը 11 անձանց է ձերբակալել, այդ թվում՝ Կիևի նախկին քաղաքապետի որդուն, որոնք կասկածվում են ուկրաինական կազմակերպված հանցավոր խմբավորումների փողերի լվացման մեջ: Իրավապահները ենթադրում են, որ անօրինական փողերի լվացումը կատարվում է նաև Բարսելոնայում հայտնի բարձրակարգ ճապոնական Yubari ռեստորանի միջոցով, որի սեփականատերը հայազգի Արման Մայիլյանն է:

Հաղորդելով այս մասին՝ France-Presse-ը նշում է, որ բարձրակարգ այս ռեստորանում են ճաշում «Բարսելոնա»-ի խաղացողներ, ֆուտբոլային աստղեր արգենտինացի Լիոնել Մեսին և բրազիլացի Նեյմարը: Հիմա դատախազությունը կարգադրել է փակել ռեստորանը, ինչպես նաև պահանջել է ձերբակալել Արման Մայիլյանին, France-Presse-ին հայտնել են հետաքննության աղբյուրները:

Անօրինական փողերի լվացման հանցավոր խմբավորման ղեկավարը համարվում է Կիևի նախկին քաղապետի որդի Ստեպան Չեռնովեցկին: Նա Բարսելոնայում ձերբակալվել է ուրիշ կասկածյալների հետ: Ձերբակալվածների մեծ մասը ռուսներ և ուկրաինացիներ են: Դատախազությունը նրանց մեղադրում է հանցավոր խումբ կազմելու, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և հարկեր թաքցնելու մեջ:

Կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը հայտարարությունում նշել է, որ կասկածյալները ավելի քան 10 միլիոն եվրոյի փողերի լվացում են կատարել Կիպրոսում ու Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունների միջոցով անշարժ գույք գնելով Իսպանիայում:

Դատախազության հայտարարությունում նշված է, որ այդ գումարների ծագումը հայտնի չէ: Կասկածյալները օրինական այնքան եկամուտներ չունեն, որոնք հիմնավորեն նրանց գումարների աճը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ հետաքննության շրջանակում Բարսելոնայում և մոտակա առափնյա S’Agaro հանգստավայրում 16 խուզարկություն է կատարել:

Ստեպան Չեռնովեցկիի հայրը՝ Լեոնիդ Չեռնովեցկին Կիևի քաղաքապետ է եղել 2006-2012 թվականներին: Նա հայտի է իր էքսցենտրիկ բնավորությամբ, որի համար ստացել էր «Լյոնյա Կոսմոս» մականունը: Մինչև 2008 թվականը նրան էր պատկանում ուկրաինական «Պրավեքս» բանկի վերահսկիչ փաթեթը: 2008-ին իտալական «Ինտեսա Սան Պաոլո» ընկերությունը բանկը գնել է 750 միլիոն դոլարով:

Չեռնովեցկի ավագը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է, թե իր որդին չի ձերբակալվել՝ Բարսելոնայում, տանը ոստիկանները նրան հարցեր են տալիս այլ անձանց հետ կապված:

«Նա ազնիվ մարդ է ու բացարձակապես օրինապահ», - իր որդու մասին գրել է Կիևի նախկին քաղաքապետը: Նա նաև գրել է, որ եթե El Espanol պարբերականը չհերքի իր որդուն վարկաբեկող «ամբողջությամբ սուտ ինֆորմացիան», ապա մեկ միլիոն դոլարի հայց կներկայացնի լրատվամիջոցի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG