Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը բաքվեցի փախստականների ընտանիքին զրկել է զուգարանից


Ղարաբաղյան շարժման տարիներին Բաքվից Հայաստան գաղթած Ղարամյանների ընտանիքը օրերս զրկվել է զուգարանից, քանի որ ընտանիքին հատկացված կիսակառույցը գտնվում է ոստիկանությանը հատկացված տարածքում, և այստեղ շնաբուծարան է կառուցվում:

«45 թվին, որ նեմեցները ռուսներին գերի էին վերցրել, գոնե թույլ էին տալիս զուգարան գնալ, իսկ իրենք զուգարանս են փակում արդեն», - դժգոհում է ընտանիքի հայրը՝ Վլադիմիր Ղարամյանը:

Մոտ 30 տարի առաջ Բաքվում տուն-տեղ թողած ու Հայաստան տեղափոխված փախստական ընտանիքներին այս տարածքում իշխանությունները ժամանակավոր կացարաններ են հատկացրել։ Վլադիմիր Ղարամյանը հիշում է՝ այն ժամանակ էլ էին ասում, որ դեռևս խորհրդային տարիներից եկած կիսակառույցները պետք է շնաբուծարանի վերածվեն։ Սակայն դրանք հատկացվել էին փախստականներին, որոնց հավաստիացրել էին, որ իրենց ոչ ոք այստեղից դուրս չի հանի։ Բնակիչներին ամեն անգամ խոստացել են թույլ տալ սեփականաշնորհել տարածքները, բայց խոստումից այն կողմ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Կացարանները սեփականացնելու հարցն անգամ դատարան է հասել: Այստեղ էլ բնակիչները տեղեկացել են, որ ողջ տարածքը սեփականության իրավունքով տրվել է ոստիկանությանը։

Այսօր թաղապետարան այցելած Վլադիմիր Ղարամյանին պատասխանել են, թե իրավասու չեն թույլ տալու ոստիկանությանը պատկանող տարածքում նոր զուգարան կառուցել։

«Ես ո՞ւմ մոտ գնամ, ընտրությունից ընտրություն գալիս խաբում են․․․ ու էս փաստացի գրանցումով ապառիկ վերցնելու իրավունք չունես, բայց իրավունք ունես հանրապետականի ընտրես, ուրիշին՝ չէ։ Գալիս խաբում են ու գնում, ու ոչինչ չեն անում», - դժգոհում է նա:

Ադրբեջանի մայրաքաղաքում տներ թողած հարևանների պես Յուրա Հակոբյանը նեղսրտում է՝ Հայաստանում զրոյից է սկսել, բայց՝ ապարդյուն: Տրոլեյբուսի նախկին վարորդը տրոլեյբուսի հին մասերով անգամ պատշգամբ է կառուցել, այգի տնկել։

«Ստեղից երեք «Կամազ» զիբիլ ենք հանել մարդուկնիկ, այգի ենք սարքել: Ամայի տարածք էր», - պատմում է նա: - «Ընդեղ գոնե գիտեմ թուրքն ա հանել, բայց ստեղ ո՞վ է հանում: Յոթերորդ տեղն է՝ տուն եմ սարքում։ Բերել եմ՝ գազը քաշել եմ, ջուրը քաշել եմ, հոսանքը քաշել եմ: Դատավորն էլ ասում է՝ ինչի՞ ես արել, ինչի՞ հիման վրա», - պատմում է նա:

Փախստական յոթ ընտանիքները աջակցության խնդրանքով դիմել են միգրացիոն ծառայություն։ Ծառայության պետ Գագիկ Եգանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս հարցով ոստիկանությանն է դիմել՝ խնդրելով հնարավորության դեպքում չվտարել ընտանիքներին։

Ոստիկանությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեցին՝ չնայած փախստականների զբաղեցրած տարածքներից դուրս է շնաբուծարան կառուցվում, բայց այդ տարածքները պատկանում են իրենց, քաղաքացիները դրանք օգտագործում են առանց իրավական հիմքի։

XS
SM
MD
LG