Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը այսօր կհրապարակի ընտրություններում իր թեկնածուների անունները


Վրաստան - «Վրացական երազանք» դաշինքի համագումարը, մայիս, 2016թ․
Վրաստան - «Վրացական երազանք» դաշինքի համագումարը, մայիս, 2016թ․

Այսօր Վրաստանի իշխող քաղաքական ուժը` «Վրացական երազանք» դաշինքը, կհրապարակի հոկտեմբերի 8-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվող առաջին 20 թեկնածուների անունները: Մինչև վերջին պահը, սակայն, իշխող դաշինքը հրաժարվում էր պաշտոնական որևէ տեղեկատվություն տրամադրել պատգամավորության թեկնածուների մասին:

«Այսօր ժամը 2-ին Սագուրամոյում դուք ամեն ինչ կիմանաք: Մենք կհրապարակենք առաջին երկու տասնյակ թեկնածուների անունները: Նրանց մեջ բավական մեծ թվով նոր դեմքեր կլինեն», - լրագրողների համառ հարցադրումներին երեկ հակադարձում էր «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

Լրատվամիջոցներին, սակայն, հաջողվել է պարզել, որ «Վրացական երազանք»-ի խոստացած նոր դեմքերի մի զգալի մասն իրականում լավ մոռացված հներն են: Այսպես, ակնկալվում է, որ Մթածմինդայի ընտրատարածքում առաջադրվելու է նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը: Ֆրանսիայում ծնված Զուրաբիշվիլին, հիշեցնենք, Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2004-2005 թվականներին:

Լրատվամիջոցների տեղեկություններով` «Վրացական երազանք»-ի ցուցակում ընդգրկված են լինելու նաև նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի ժամանակաշրջանի մի շարք ազդեցիկ գործիչներ: Սագարեջոյում, օրինակ, «Վրացական երազանք»-ի թեկնածուն է լինելու Շևարդնաձեի օրոք պետական գույքի կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Սոլոմոն Պավլիաշվիլին:

Չի բացառվում, որ իշխող դաշինքը հոկտեմբերի 8-ի ընտրություններում առաջադրի Շևարդնաձեի կառավարության ևս մեկ անդամի` ներքին գործերի նախկին նախարար Կոբա Նարչեմաշվիլիին: Վերջինս պաշտոնավարում էր «Վարդերի հեղափոխության» ընթացքում և Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականից ընդամենը մի քանի ժամ առաջ հայտարարում էր, թե իրեն հավատարիմ ուժերը պատրաստ են կրակ բացել ցուցարարների վրա: Այդ աղմկալի հայտարարությունները, սակայն, չխանգարեցին, որպեսզի Նարչեմաշվիլիի ենթակայության տակ գործող ոստիկանական ուժերը 2003-ի նոյեմբերին ճանապարհ բացեն Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների առջև` խորհրդարանի շենքը գրավելու ժամանակ, ինչն էլ կանխորոշեց Շևարդնաձեի վարչակազմի անկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG