Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի մեծամասնությունը մտադիր է մասնակցել Վանաձորում ՏԻՄ ընտրություններին


Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 2-ին և առաջին անգամ անցկացվելու են համամասնական ընտրակարգով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Վանաձորից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը: «Ազատության» հետ զրույցում նա նկատեց, թե ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ փոխելու Վանաձորում կառավարման համակարգը․ - «Հնարավորությունները մեծացել են նաև նրանով, որ ունենք տրամադրություններ, որոնք արձանագրվել են վերջին երեք ընտրությունների միջոցով․ դրանց ընթացքում Հանրապետական կուսակցությունը չի հավաքել ավելի քան երեսուն տոկոս Վանաձորում»:

Մարուքյանը վստահ է, որ Վանաձորում առկա խնդիրները չեն լուծվի, հակառակը՝ ավելի կխորանան, եթե քաղաքը շարունակի ղեկավարել իշխող կուսակցության ներկայացուցիչը․ - «17 տարի շարունակ ունենալ վատ կառավարում և դրան որևիցե կերպ չարձագանքել, ընդհանրապես տեղական մակարդակով որևէ քննարկում չկազմակերպել, թե ՝ որտե՞ղ են խնդիրները, ի՞նչ կարելի է փոխել, որպեսզի արձանագրել զարգացում․․․ Նման բաները վերհանելու մոտեցումներ չենք տեսել Հանրապետական կուսակցության կողմից: Իսկ եթե 17 տարի պետք էր, որպեսզի դա հասկանալ, ինձ թվում է, դա լավ չի խոսում իրենց մասին»:

17 տարի ի վեր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը (ՀՀԿ) այս անգամ չի հավակնի քաղաքապետի պաշտոնին: Հանրապետականի ցուցակը կգլխավորի 2016-ին կուսակցության շարքերը համալրած նոտար Մամիկոն Ասլանյանը:

«Ազատության» հետ զրույցում Ասլանյանը շեշտեց, թե պատրաստվում են փոխել պաշտոնյայի և կուսակցականի նկատմամբ կարծրացած վերաբերմունքը․ - «Կուզենայի հորդորել զերծ մնալ կանխակալ գնահատականներ տալուց, որովհետև մենք թիմով որոշում ենք կայացրել, որ այս ընտրությունները իրենց և՛ որակական, և՛ ապագայում կառավարվելիք մոդելի մակարդակով պիտի տարբերվեն նախորդ տարիների ընտրություններից և գործելաոճից»:

Քաղաքապետի մյուս թեկնածուն «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Մենուա Բրուտյանն է, ով ևս կարծում է, որ Վանաձորում բազմաթիվ խնդիրների առկայությունը վատ կառավարման հետևանք է․ - «Բնականաբար, նաև ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն է նպաստում այդ խնդիրների ի հայտ գալուն, սակայն կարծում եմ, որ արդյունավետ կառավարումը, արդարության և ազնվության գործոնների առկայության դեպքում, բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել»:

«Հայկական վերածնունդը» (նախկին «Օրինաց երկիր»-ը) առաջադրել է Վանաձորի գործող ավագանու անդամ Արկադի Փելեշյանի թեկնածությունը:

«Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին, բայց թեկնածուների ցուցակները դեռևս ձևավորման փուլում են:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Հրանտ Մարգարյանը, արդեն գիտեն, թե ով է գլխավորելու ցուցակը, բայց կհայտարարեն առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG