Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կարող է անդրադառնալ Ղարաբաղի խնդրին


Հռոմի պապը առաջիկա աշնանը կայցելի Ադրբեջան, որտեղ ակնկալվում է՝ կանդրադառնա նաև ղարաբաղյան խնդրին, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը:

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը երեկ երեկոյան արդեն հրապարակել է Ֆրանցիսկոս պապի՝ սեպտեմբերի վերջին Վրաստան, ապա Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը, մանրամասնելով՝ Սրբազան քահանայապետը երկու երկրներում հանդիպումներ կունենա քրիստոնյա, հրեա ու մահմեդական առաջնորդների հետ:

Հաղորդվում է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Թբիլիսի կժամանի սեպտեմբերի 30-ին, կհանդիպի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի, տեղի ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը Հռոմի պապը պատարագ կմատուցի Թբիլիսիի՝ Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որը նախատեսված է ավելի քան 27 հազար մարդու համար: Այցի երկրորդը օրը Քահանայապետը կլինի Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճարում: 11-րդ դարում կառուցված այս հոգևոր կենտրոնը ամենամեծն է Վրաստանում պահպանված պատմական հուշարձանների ցանկում, որտեղ, ըստ ավանդության, թաղված են մասունքներ Քրիստոսի հագուստից: Վրաստանյան այցը կտևի երկու օր, դրա ավարտին՝ հոկտեմբերի 2-ին, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կմեկնի Ադրբեջան: Մահմեդական այս երկրում Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի Բաքվի տաճարում, ապա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ՝ հունիսին Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խաղաղության կոչ էր արել՝ դիմելով առաջին հերթին երիտասարդներին․ - «Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում»:

Հայաստանից Վատիկան վերադարձին՝ օդանավում տված ասուլիսում, լրագրողները հետաքրքրվել էին՝ հաշտության այս կոչը նաև իր հետ Ադրբեջա՞ն է տանելու, և ի՞նչ է ասելու այդ երկրի իշխանություններին:

«Երբ գնամ Ադրբեջան, նրանց հետ կխոսեմ այն ճշմարտության մասին, որ տեսա և զգացի Հայաստանում, նրանց ևս հաշտության կքաջալերեմ, կոչ կանեմ գտնել ընդունելի ճանապարհներ: Կասեմ, ինչ սրտիս մոտ կլինի այդ պահին՝ հորդորելով գտնել լուծումներ, որոնց վրա կարելի է աշխատել ու առաջ գնալ», - պատասխանել էր Հռոմի պապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG