Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Հայաստանը կարևորում է Եվրամիության շարունակական աջակցությունը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը Կիևում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։

Ելույթ ունենալով հանդիպմանը` Նալբանդյանը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մասնավորապես նշել է. - «Հուսով ենք, որ Եվրամիությունը կկարողանա շուտափույթ հաղթահարել Brexit-ի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելուն և խորացնելուն ուղղված ջանքերը»:

«Անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրն արտացոլելու է մեր երկկողմ հարաբերությունների խորությունը և էությունը, ինչպես նաև նոր ուղեցույցեր է նախանշելու՝ ամուր և համընդգրկուն գործընկերության համար: Մինչ օրս բանակցությունների չորս փուլ է անցկացվել, որոնց արդյունքում շոշափելի առաջընթաց է արձանագրվել», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ շարունակելով․ - «Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության (COSME) ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Մեկ ամիս առաջ Հայաստանը միացել է հետազոտության և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում միանալ նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որն առաջարկում է մշակութային փոխանակումների առավել լայն շրջանակ, ինչպես նաև ակնկալում ենք այս տարի սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

«Մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախապայմաններից մեկը շարունակում է մնալ շարժունակությունը: Մեկ ամիս առաջ Երևանում անցկացվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման հարցերով մոնիտորինգային համատեղ կոմիտեների երրորդ հանդիպումը: Կողմերն արձանագրեցին այդ համաձայնագրերի հաջող իրագործումը: Ակնկալում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի միջոցով կյանքի կոչել ազատ տեղաշարժի և ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը», - նշել է Նալբանդյանը:

Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին` արտգործնախարարն ասել է. - «Հայաստանի կառավարությունը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացը: Մայիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց նոր Ընտրական օրենսգիրք: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համատեղ եզրակացության մեջ գոհունակությամբ արձանագրվում են «իշխանությունների կողմից գործադրված շոշափելի ջանքերը՝ հաշվի առնելով ներքին շահառուների լայն ներգրավման հիման վրա արված առաջարկությունները», և նշվում է, որ «Ընտրական օրենսգրքի նախագիծը կարող է համապատասխան հիմք ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»:

«Լրացուցիչ առաջընթաց ապահովելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը շարունակեց աշխատել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, ինչի արդյունքում կառավարության և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև կնքվեց Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ ընդգրկելու վերաբերյալ պայմանավորվածություն՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացներն առավել արդար, համընդգրկուն և թափանցիկ դարձնելուն», - հայտարարել է Նալբանդյանը և հավելել․ - «Մենք մեծապես կարևորում ենք տարիների ընթացքում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվող ջանքերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է. - «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»:

«Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը: Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»», - ասել է Նալբանդյանը:

Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի արտգործնախարարն առաջարկել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հաջորդ հանդիպումը հյուրընկալել Երևանում:

Հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG