Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան․ Հայաստանի իշխանությունները դժվար թե գնան այդ ինքնասպանությանը


«Այժմ հասարակությունը և մենք բոլորս բացարձակ նոր իրողությունների մեջ ենք, և դժվար թե Հայաստանի իշխանությունները գնան այդ ինքնասպանությանը՝ նման բանաձևի հավանություն տալու առումով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ արձագանքելով այս շրջանում առկա մտահոգություններին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին կարող է պարտադրվել կարգավորման փուլային տարբերակը, այն է՝ զիջել տարածքներ՝ անգամ չհստակեցնելով Ղարաբաղի կարգավիճակը:

Քաղաքագետը շարունակեց․ - «Քննարկումները, ես նույնիսկ համարժեք բառը չեմ կարողանում ճիշտ գտնել, բայց կարծեք սա հարաբերությունների պարզում է, այսպես՝ «ռազբորկա» կոչվածը մեր խոսակցականում, այն առումով, որ արդեն նույնիսկ ապրիլյան պատերազմից առաջ քննարկվում էր՝ կա՞ արդյոք «Լավրովի պլան», թե՞ չկա, ամբողջ ազարտը այս խաղի նրանում է, որ Ռուսաստանը երբ 2008 թվականին հստակ ընդգծեց իր դոմինանտությունը բանակցային գործընթացում, և Արևմուտքը կարծեք թե թույլ տվեց դա անել՝ հասկացնելով, որ «դե, քանի որ դու ամենամեծ ազդեցությունն ունես, գնա և լուծիր էս խնդիրը», Ռուսաստանը, ըստ էության, տպավորություն առաջացրեց Արևմուտքի մոտ, որ ինքը լուծում է Մադրիդյան առաջարկների վրա: Բայց Լավրովի պլանը միայն ձևական առումով կապ ունի Մադրիդյան առաջարկների հետ, այն իրականում հակամարտության նոր սառեցում է՝ նոր իրողությունների պայմաններով, այսինքն՝ երբ Հայաստանը ինչ-որ տարածքներ կհանձնի Ադրբեջանին, դրա արդյունքում նաև խաղաղապահ զորքեր կտեղակայվեն հակամարտության գոտում, և գերազանցապես ռուսական խաղաղապահներ, բայց Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի»:

Այսինքն, ընդգծեց Սաֆարյանը, «Ղարաբաղը հանձնվում է ռուս խաղաղապահների ողորմածությանը, իսկ դա նշանակում է՝ կարգավիճակի հարցը առհավետ թողնել կախված, և Բաքուն և Երևանը հայտնվում են հավերժ կախվածության մեջ Մոսկվայից»:

«Եվ ահա երբ դա հասկացան, պարզ էր, որ Ռուսաստանին արդեն պիտի «դեղին քարտ» ցույց տրվեր, որովհետև դա Մադրիդյան առաջարկների հետ կապ չունի: Մադրիդյան առաջարկները լավն են, վատն են, իրատեսական են, թե իրատեսական չեն՝ գոնե ենթադրում են բոլոր խնդիրների, վեց խնդիրների համալիր լուծում: Իսկ դա կարգավիճակի հարցը բաց է թողնում, այսինքն՝ դա նշանակում է կոնֆլիկտը թողնել սառեցված՝ նոր տարածքային իրողությունների պայմաններում: Եվ ահա, տեսեք, երբ Ադրբեջանի իշխանությունները հասկացրեցին, որ կա Լավրովի պլան, Հայաստանը համարձակ հայտարարեց, ասաց՝ նման պլան գոյություն չունի», - ասաց քաղաքագետը:

«Այս պահին պարտադրել կողմերին չեն կարող, որովհետև միջնորդները չունեն այդպիսի բավարար լծակներ և մեծ ուժ՝ դա պարտադրելու համար», - ամփոփեց քաղաքագետը:

XS
SM
MD
LG