Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել սպանության, սպանության փորձի համար


Ամուսնու կողմից անցած շաբաթ կացնահարված երիտասարդ կինն ու նրա հայրը միայն այսօր էին ի վիճակի պատմել իրենց հետ կատարվածի մասին:

Նրանց հանդիպեցինք հիվանդանոցում: Թագուհի Մանսուրյանն ասաց՝ շուրջ 1.5 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ամուսինը գրեթե միշտ ծեծի է ենթարկել իրեն, հենց այդ պատճառով էլ ամուսնալուծվել են: Ասաց՝ դեպքի օրը 31-ամյա ամուսինը հերթական սպառնալիքներով իրենց տուն է փորձել մտնել: Կնոջ ծնողները ոստիկանություն են զանգահարել: Թագուհու խոսքով՝ ոստիկաններն իրեն ու մորը տարել են բաժանմունք հաղորդագրություն տալու համար, ամուսինը մնացել է տեղում՝ սպասելով շտապ օգնությանն ու հայտարարել, որ իր կնոջ ծնողներն էլ իր նկատմամբ են բռնություն կիրառել:

«Բացատրություն տալուց հետո ոստիկանները մեզ տուն բերեցին, որովհետև մոտավորապես գիշերվա ժամը 4-ն էր արդեն: Իջեցրեցին՝ մենք մտել ենք մուտք: Աստիճանները բարձրացանք, հասա դռան դեմը՝ ինքը կացնով արդեն հարձակվեց իմ վրա: Իմ գլխին է խփել, մեջքիս, ուսիս ու փորիս հատվածում: Ես գոռացել եմ օգնություն, էլ չեմ հիշում», - պատմեց նա:

Մարմնական ծանր վնասվածքներից Թագուհու մայրը՝ 64-ամյա Կարինե Մասուրյանը, տեղում մահացել է, ինչի մասին ամուսինն ու դուստրը դեռ չգիտեն, թեպետ քննչական կոմիտեն նախկին փեսային հենց սպանության փաստով է մեղադրանք առաջադրել: Մեղադրանքները հիմնավորվելու դեպքում 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

Հիմնականում գլխի շրջանում բաց վնասվածքներ ստացած հայրն ու դուստրը նույն օրը վիրահատվել են, նրանք դեռ մեկ շաբաթ էլ կմնան հիվանդանոցում: Վաչագան Մանսուրյանը վրդովված է՝ իրավապահները մատների արանքով են նայել իրենց բողոքներին, ընտանիքին սարսափի մեջ պահող նախկին փեսայի ուզածը դստերը կտակած բնակարանն է եղել: Ասաց՝ դստեր նկատմամբ բռնությունների փաստով նա դատապարտված է եղել, բայց քանի որ պատիժը կիրառվել էր պայմանական՝ տեղի է ունեցել այս ողբերգությունը: Թագուհու 1.5 տարեկան որդին էլ ականատես է եղել արյունալի միջադեպին:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում միաբերան պնդում էին՝ ընտանեկան բռնություններին իրավապահները մատների արանքով են նայում: «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ գործող Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները բավարար չեն ընտանեկան բռնությունների խնդիրը լուծելու համար, իրենց առաջարկած օրենսդրական նախագիծն էլ 2009-թվականից գերատեսչությունից-գերատեսչություն է անցնում: Կոնկրետ այս սպանության դեպքում ասաց՝ դատական համակարգն է թերացել:

«Ի վերջո մենք ունենք դատական վճիռ, որտեղ ամուսնուն 6 ամսվա ազատազրկման են դատապարտել, բայց ինչո՞ւ ի կատար չի ածվում այդ վճիռը», - հարցնում է նա:

«Կանանց աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարո Մաթոսյանն էլ վստահ է՝ եթե ընտանեկան բռնության դեպքերով մեղավորները խիստ պատիժ ստանան՝ այսօրինակ դեպքերը չեն կրկնվի․ - «Որ մարդը հասկանա, որ եթե մի քայլ անում է, մեկին խոշտանգում է, ծեծում և սպանում է, դրա համար պատիժ կա և խիստ պատիժներ: Ահա՝ ունենք 15 տարվա բռնության ենթարկված, գանգի վնասվածքներով: Մեղավորին տրվել է տուգանք՝ 150,000 դրամ։ Սա՞ է պատիժը»:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք դեռ չկա, բայց ոստիկանությունում համապատասխան վարչություն կա», - հակադարձում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը: Նրա պնդմամբ, ոստիկաններն իրենց լիազորությունների սահմանում ամեն ինչ արել են՝ 8 բողոք են ստացել այս ընտանիքից, բոլորով էլ նյութեր են նախապատրաստել, ուղարկել քննչական կոմիտե:

«Ոստիկանությունը ոչ է ասում բռնությանը և իր ունեցած բոլոր լծակները, որոնք օրենքով սահմանված են՝ կիրառում է, օգտագործում է և աշխատում է: Ուրիշ հարց, որ օրենքը մեզ հնարավորություն կտա պաշտպանական միջոցներ կիրառել», - նաև ասաց նա:

Ոստիկանության տվյալներով՝ այս տարի ընտանեկան բռնության հետևանքով սպանության 4 դեպք է գրանցվել: Ոստիկանությունում հաշվառված է կենցաղային ոլորտում իրավախախտումներ թույլ տրված 544 ընտանիք, այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 142-ով: Ամենամեծ թիվը գրանցվել է Երևանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG