Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Թուրքիային մեղադրում է խաղաղ բնակիչների սպանությունների մեջ


Թուրքիա -- Թուրքիայի անվտանգության ծառայությունների և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով ավերված շենքեր հարավարևելյան Սիզրե քաղաքում, 2-ը մարտի, 2016թ․
Թուրքիա -- Թուրքիայի անվտանգության ծառայությունների և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով ավերված շենքեր հարավարևելյան Սիզրե քաղաքում, 2-ը մարտի, 2016թ․

Human Rights Watch-ը պնդում է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս իրավապաշտպաններին անկախ ուսումնասիրություններ անել հարավարևելյան քրդաբնակ շրջաններում, որտեղ, ըստ հաղորդումների, հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվում կամ հարկադրաբար տարհանվում, նրանց պատկանող սեփականությունն էլ ապօրինի հողին է հավասարեցվում:

«Թուրքիայի կառավարությունը պետք է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարին շտապ կարգով այս շրջաններ մտնելու և միջազգային չափանիշներին համապատասխան քննություն անցկացնելու իրավունք տա», - հայտարարում է հեղինակավոր կազմակերպությունը:

Այսօր հրապարակված զեկույցը փաստում է, որ անցած տարվանից, երբ Քրդական աշխատավորական կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների հաշտեցման փորձերը ձախողվեցին, Անկարան պարբերաբար պարետային ժամ է մտցրել 22 քաղաքներում ու բնակավայրերում՝ արգելելով որևէ շարժ առանց թույլտվության:

«Խոսքի ու տեղաշարժման սահմանափակումները շարունակվել են նաև պարետային ժամի ավարտից հետո», - հայտարարում է Նյու Յորքում գործող կազմակերպությունը՝ մանրամասնելով՝ պաշտոնական Անկարան խոչընդոտել է իրավապաշտպան կազմակերպությունների՝ այդ թվում Human Rights Watch-ի, Amnesty International-ի փորձերը՝ տեղում արձանագրել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը:

«Թուրքիայի կառավարության այդ գործելաոճը խորը կասկածների տեղիք է տալիս, որ այնտեղ ինչ-որ բան է թաքցվում հասարակությունից», - հայտարարում է Human Rights Watch-ի Թուրքիայի հարցերով ավագ փորձագետ Էմմա Սինկլեր Վեբբը՝ հավելելով․- «Անկարան պարտավոր է անհապաղ թույլ տալ, որ ՄԱԿ-ն ու ոչ կառավարական խմբերը կարողանան մտնել այդ շրջաններ և պարզել՝ ինչ իրավիճակ է տեղում»:

Զեկույցը փաստում է, որ զոհերի, ավերածությունների ու զանգվածային տեղահանության դեպքերի մեծ մասն արձանագրվել է քրդաբնակ 9 քաղաքներում, այդ թվում Ջիզրեում, որն այս տարվա մարտին հուժկու հարձակման ենթարկվեց թուրքական բանակի կողմից: Ընդհանուր առմամբ, այս քաղաքներից տեղահանվել է ավելի քան 350 հազար մարդ, ավելի քան 300-ը՝ սպանվել: Որոշ դեպքերում անվտանգության ուժերը կրակ են բացել անգամ փողոցում սպիտակ դրոշներով առաջ եկող մարդկանց ուղղությամբ՝ Human Rights Watch-ին պատմել են ականատեսներն ու զոհերի հարազատները՝ ներկայացնելով փաստաթղթեր ու վկայություններ 3 ամսական երեխայից մինչև 82-ամյա ծերունու մահվան հանգամանքների վերաբերյալ:

Կան նաև փաստեր, որոնց համաձայն Թուրքիայի անվտանգության ուժերը շրջափակել են երեք շենք ու միտումնավոր կյանքից զրկել մոտ 130 մարդու, այդ թվում խաղաղ բնակիչների ու վիրավոր զինյալների:

Տուժածներից մեկը, որը երկու եղբայրների է կորցրել այդ բախումների ժամանակ, պատմել է. - «Ես հարազատներիս էի փնտրում, վազեցի հիվանդանոց, թեև գաղափար անգամ չունեի, որ նրանք սպանված են: Մի եղբորս վիրավորել էին կոկորդից, կրծքավանդակից ու թիկունքից, մյուսի թոքերն էին վնասել: Ես անզորությունից բղավեցի ոստիկանների վրա, նրանք ի պատասխան հարձակվեցին ու ծեծեցին ինձ, հետո տարան հարևան սենյակ, մեկն ասաց՝ սրան էլ սպանենք, թող լինի երրորդը, բայց քաղաքացիական հագուստով մի ոստիկան նրանց կանգնեցրեց»:

Օգտագործելով արբանյակից ստացված պատկերները՝ Human Rights Watch-ը հայտարարում է՝ թուրք իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում ոչ միայն խաղաղ բնակիչներ են զոհվել, այլև ամբողջովին կամ մասամբ ավերվել է մոտ 95 հազար քառակուսի մետր տարածք: Մին օրս, սակայն, Թուրքիայի դատախազությունը որևէ էական քայլ չի արել մեղավորներին գտնելու ու պատասխանատվության ենթարկելու համար: Թուրքիայի կառավարությունը անարձագանք է թողել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրավոր ու բանավոր դիմումները՝ ՄԱԿ-ի փորձագետների համար քրդաբնակ այդ շրջաններ մուտք ապահովելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG