Մատչելիության հղումներ

Անկարան արգելում է գերմանացի խորհրդարանականների մուտքը «Ինջիրլիկ»


Գերմանական Tornado ինքնաթիռները Թուրքիայի «Ինջիրլիկ» ռազմակայանում, արխիվ

Գերմանական Tornado ինքնաթիռները Թուրքիայի «Ինջիրլիկ» ռազմակայանում, արխիվ

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են անհարթ մնալ:

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են անհարթ մնալ: Անկարան արգելում է գերմանացի խորհրդարանականների մուտքը «Ինջիրլիկ» ռազմակայան, որտեղ մոտ 250 գերմանացի զինծառայողներից բաղկացած զորախումբ է տեղակայված:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Գերմանիան «Ինջիրլիկ»-ը հիմնականում օգտագործում է Tornado տիպի հետխուզական օդանավերի թռիչքների համար: Թուրքիայի կառավարությունն ասել է, թե ռազմակայան կթույլատրի մուտք գործել միայն զինվորականներին:

Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը ARD հեռուստաընկերությանը կիրակի օրն ասել է՝ «որպես զինվորներին այնտեղ ուղարկած պատգամավորներ, մենք պետք է իմանանք, թե որտեղ և ինչպես են նրանք ծառայում: Մենք պետք է կարողանանք խոսել նրանց հետ, ավիաբազա այցելելու արգելքն անընդունելի է»:

Օզդեմիրն ասել է նաև, թե նման թույլտվություն չտրամադրելու դեպքում, գերմանացի զինծառայողները Թուրքիայից պետք է վերադառնան Գերմանիա: Կիրակի օրն այդ թեմային է անդրադարձել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ZDF հեռուստաընկերության հետ հարցազրույցում Մերկելն ասել է՝ «Կարևոր է, որ մեր նախարարները կարողանան այցելել «Ինջիրլիկ» ու հանդիպել մեր զինծառայողների հետ»:

Մերկելն այս հարցը բարձրացրել է նաև ՆԱՏՕ-ի վարշավյան համաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը Էրդողանն իր հիասթափությունն էր հայտնել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ: Դա այդ բանաձևի ընդունումից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր:

Անդրադառնալով նշված հանդիպմանը, Մերկելը նաև ասել է՝ «Քաղաքականության պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ առաջին քննարկումները բավարար չեն լինում»: Հուլիսի 10-ին ZDF-ի հետ հարցազրույցում Անգելա Մերկելին հարց է ուղղվել նաև գերմանական զորախումբը Թուրքիայից դուրս բերելու հնարավորության մասին: Կանցլերն այդ առնչությամբ նշել է, թե բանակցություններում ինքը փորձում է լուծել ռազմակայան պատգամավորների այցը թույլատրելու հարցը: «Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ: Լուծում դեռևս չկա»,- հավելել է կանցլերը:

Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոերը Tagesspiegel թերթին այսօր ասել է, թե Թուրքիայի նախագահն իր վարքով «ռիսկի է ենթարկում գերմանական զորախմբի՝ Թուրքիայում մնալու հարցը»: Թուրք-գերմանական հարբերությունները վատթարացան անցած հունիսի 2-ից հետո, երբ Բունդեսթագը Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչեց որպես ցեղասպանություն, հիշեցնում է DPA գործակալությունը:

XS
SM
MD
LG