Մատչելիության հղումներ

ՀՀ դեսպանությունը «ուշիուշով հետևում է» հայ ընտանիքի սպանությանն առնչվող զարգացումներին


Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ:

Վրացական կողմը տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: «ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ավել վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վաչիանիում հայտնաբերվել են 37-ամյա հայ կնոջ և նրա երեք՝ 5, 16 և 18 տարեկան անչափահաս երեխաների մարմինները, որոնց մինչև սպանելը կտտանքների են ենթարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG